Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/135

Այս էջը հաստատված է

Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիր, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի։

Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան. համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու։ Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում։ Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդի միտքն, այնուհետև հանգստացավ և բավական ուրախ դեմքով վերադարձավ տուն։ Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար։ Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ՝ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում։

Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային․ համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին։ Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան։ Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի։ Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում։

Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու։ Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար, ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը։ Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները։ Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն