Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/137

Այս էջը հաստատված է

Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը։

Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա։

— Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք։ Ի՞նչ էիր անում այնտեղ։

— Կարդում էի,— պատասխանեց օրիորդը նվաղած ձայնով, որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը։

— էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլենդիացել ես։

— Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում,— մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին։

— Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր։ Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին, մի խորը հառաչանք արձակեց։

— Լավ էլ մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես․ ո՛վ չի հավանի Սմբատին։

— Ես էլ եմ հավանում, պապա,— դարձյալ մեջ մտավ Արտեմը։ Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք։ Շատ լավ տղա է։

— Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում։

— Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է։

— Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ։

— Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես։

— Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին, պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա։