Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/138

Այս էջը հաստատված է

— Ինչպես կամենում եք, այնպես արեք,— պատասխանեց Կատերինա Կարլովնան:

— Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա։ Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է։ Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու։

Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել։ Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թե շատ հարուստ տղերք կցանկանան առաջարկություն անել և այլն, և այլն։

Գիշերից բավական անցել էր։ Կատերինա Կարլովնան հեռացավ յուր սենյակը։ Արտեմ Կարլիչն արդեն քնած էր։ Երկու ամուսինները շարունակում էին վիճաբանել։ Վերջապես, Կարլ Մարկիչը տեսնելով, որ Մարիան համառություն է անում, դուրս եկավ համբերությունից և ասաց.

— Թե խեղդվիս, Մարիա, ես Կատյային տալիս եմ Սմբատին, էնդուր որ Պետր Ստեփանիչի քեֆին դիպչել չեմ կարող։

Մարիա Իվանովնան կատաղեց, փրփրեց, բայց, վերջը Կարլից մի փափուկ ապտակ ստանալով, հեռացավ, գնաց քնելու վիրավորված սրտով և վշտացած հոգով։ Հետևյալ առավոտ Դոլմազովը կրկին այցելեց Պոպովի ընտանիքն և մի ժամ մնալուց հետո, հեռացավ բոլորովին միամտացած։ Նա կոտրել էր Մարիա իվանովնայի համառությունը։


Հինգ օր անցած, մի գեղեցիկ երեկո քաղաքի կենտրոնում գտնվող փոքրաշեն եկեղեցում կատարվեց Կատերինա Կարլովնայի և Սմբատի պսակը։ Դոլմազովը յուր խնամատարությունն այնտեղը հասցրեց, որ մինչև անգամ Սմբատի խաչեղբոր պաշտոնն ինքը կատարեց։