Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/14

Այս էջը հաստատված է

բոցավառված, խելագարի պես այս ու այն կողմն էր վազվզում, բացականչելով.

— Օգնեցեք... հայ քրիստոնյաներ... օգնեցեք... խղճացեք... մարմինս այրվում է... շու՛տ... շուտ հող ածեք վրաս... ջուր... ջուր... քուր... ո՛ւֆ... ո՛ւֆ... աստված, այրվում եմ...

Սա — տարիքը անցկացրած մի ծերունի էր, որի դյուրաբորբոք ցնցոտիները բոցավառվել էին և խաշում էին նրա մարմինը կենդանի-կենդանի, ինչպես միջնադարյան ինկվիզիցիայի թշվառ զոհերից մեկին։

Իվան Գրիգորիչը երեսը շուռ տվեց․ նրա նրբացած նյարդերը անզոր էին դիմանալ մի այդպիսի այլանդակ պատկերի: Ամբոխի միջից շատերը սիրտ առնելով վազեցին առաջ։ Ուժեղներից մեկը ոտի մի զորեղ հարվածով բոցավառված ծերունուն գլորեց գետին, մնացյալները սկսեցին այս ու այն կողմից հողով ծածկել նրա մարմինը, կիսակենդան թաղելով ողորմելի զառամյալին։ Այս միակ միջոցն էր, որով միայն հնարավոր էր հանգցնել նրա այրվող ցնցոտիները։

— Խաշվեցի... ո՛ւֆ... ո՛ւֆ... այրվեցի... խուլ ձայնով հառաչում էր ծերունին հողի տակից։ Նրա դեմքն այնչափ այլանդակվել էր, որ ներկա եղողներից շատերը կես սարսափով և կես զզվանքով ծածկում էին իրանց աչքերը նրան չտեսնելու համար:

— Ուֆ... ա՛խ աստված, շո՛ւտ առ հոգիս... ազատիր տանջվելուց... մի՛ չարչարիր,— շարունակում էր ծերունին, թավալվելով հողի տակ։ Բայց որդիս... ու՞ր է որդիս... կինս... որդիքս, աղջկերքս... ջուր... ո՛ւֆ, սիրտս...

Վերջին խոսքերն արտասանելիս ծերունու ձայնն աստիճանաբար փոխվում էր, հետզհետե թուլանալով։

— Այստեղ եմ, այստեղ...— գոռաց մի տասնևութ-քսան տարեկան երիտասարդ, ձախ ձեռքի վրա հենած յուր աջ թևը, որի այրված կաշին պլոկվելով մերկացրել էր կարմիր միսը... Ա՛խ... կծկծում է սիրտս... ո՛ւֆ, աստված սիրեք, մի մոտենաք թևիս... նա այրվում է... կծկծում է։

— Հեռացի՛ր, թշվառ, մի՛ մոտենար հորդ․ քեզ տեսնելով խեղճ ծերունին կսկծից կմեռնի,— բացականչեցին ամբոխի միջից։