Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/143

Այս էջը հաստատված է

ծովի հեռավոր հորիզոնին։ Սմբատը բարձրացավ շոգենավի վրա և մոտեցավ նավապետին։

— Ե՞րբ կճանապարհվենք։

— Մի ժամից հետո,— պատասխանեց նավապետը, յուր հայացքը չհեռացնելով ծովից։

— Կնշանակե տասնումեկ ժամին։

— Ուղիղ։

Սմբատը ցած եկավ և նստեց կայարանի սյուներից մեկի վրա: Փախչել ու հեռանալ — ահա այն միակ միջոցը, որ կարող է նրան ազատել խայտառակությունից։ Իսկ մյուսը... о՛о՛о... նա չի կարող դիմել այդ միջոցին, սարսափելի է։ Սարսափելի է ոչ միայն նրա, այլև չորս հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, որի գոյության միակ պաշտպանն ինքն է։ Դա կլինի մի անսպասելի մահացու վերք նրա ծերունի ծնողների համար։ Այո՛, որդիական սերը նրան իրավունք չի տալիս դիմել ինքնասպանության։ Միակ ելքն այս անիծյալ քաղաքից հեռանալն է։ Ի՛նչ խայտառակություն, տեր աստված, և ո՛վ կարող է սպասել, թե Դոլմազովը մի այդպիսի դև է։ Ի՛նչպես խելագարվեց և գլխապատառ ընկավ այդ մարդու որոգայթը։ Դոլմազով, o՛o՛o՛ Դոլմազով, հիմա հասկանալի է, թե ինչ միտք ուներ քո բարերարությունը։ Զզվելի, կեղտոտ մարդ, մի՞թե բավական չէր քեզ, որ անբախտացրել էիր մի ամբողջ ընտանիք, որ դու երկրորդին ևս թշվառացրիր։ Օ՛օ՛օ՛ եթե մի օր քեզ կհանդիպի Սմբատը... Բայց այժմ ուշ է, այժմ միայն մի բան է մնում անել, շուտով այստեղից հեռանալ։ Արդեն ամբողջ քաղաքը խոսում է, ամենքի բամբասանքի առարկան է նա, էլ ի՛նչ երեսով կարող է մնալ այստեղ։

Այս մտածողության մեջ խորասուզված, Սմբատը բարձրացավ և սկսեց նայել ծովի հեռավոր հորիզոնին։ Կես ժամու չափ նա այդ դրության մեջ անշարժ կանգնած էր։ Հանկարծ նրա ականջներին հասավ բարակ սուլոցի ձայն։ Սմբատն արագ քայլերով դիմեց դեպի շոգենավն և բարձրացավ տախտակամածի վրա։

Շոգենավը բաժանվեց կայարանից և հանդարտությամբ սկսեց լողալ դեպի ծովի խորքը։ Սմբատը, երեսը դարձրած, քաղաքին էր նայում։ Անցավ քառորդ ժամ, և քաղաքը սկսեց