Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/146

Այս էջը հաստատված է

— Ո՞ւր,— հարցրեց երիտասարդը։

— Երկնքին, տես ո՛րքան գեղեցիկ է։

Երիտասարդը նայեց դեպի արևելք։ Երկինքը պարզ էր, բայց ցած հորիզոնից ուռչելով բարձրանում էր մայիսյան բամբակագույն ամպերի մի ահագին սար։ Սարը բարձրանում էր, հանդարտությամբ լողալով։ Նրա կլորակ, թանձր կտորները, խառնվելով և ձուլվելով իրարու հետ, երբեմն հորիզոնում գոյացնում էին տեսակ-տեսակ հրաշալի պատկերներ, որ նմանվում էհն մերթ գեղեցիկ շինությունների, մերթ զանազան վիթխարի կենդանիների։ Արևի վերջին շողքերի տակ այդ պատկերները ներկվում էին բազմատեսակ նուրբ գույներով, որոնց նմանը հանճարեղ նկարչի վրձինն անգամ չի կարող ստեղծագործել։

Երիտասարդը հիացած նայում էր երկնային տեսարանին, բայց նրա միտքը, կարծես, զբաղված էր ուրիշ բանով։

— Ես շատ եմ սիրում այդպիսի տեսարաններ,— կրկին խոսեց տղամարդը, բաժակը նորից լեցնելով։ Նրանք ինձ հիշեցնում են մարդկային կյանքի այն հիմար շրջանը, որի խաղալիքն ես դու այժմ։

Երիտասարդը նայեց նրան և, գլուխը հանդիմանորեն շարժելով, բաժակը մոտեցրեց շրթունքներին։

— Շարժի՛ր գլուխդ, բայց մի հինգ տարի ևս, և հետո ինքդ քեզ վրա կծիծաղես, Գևորգ, նայի՛ր երկնքին։

Գևորգը դարձյալ նայեց երկնքին։ Ամպերի վիթխարի սարը հետզհետե բարձրանում էր, ավելի ու ավելի ուռչելով և մեծանալով։ Սակայն, նույն րոպեին, երբ տղամարդը ցույց տվեց, պատահեց մի փոփոխություն։ Սարի ստորոտից արագությամբ բարձրացան ամպի ուրիշ ալիքներ, բայց ոչ սպիտակ, այլ մուգ մոխրագույն։ Նրանք սահեցին վերև, և մի քանի րոպեում բամբակագույն սարը ծածկվեց մութ քողով։ Անհետացան սքանչելի տեսարանները, և հորիզոնը ծածկվեց տխուր վարագույրով։

— Տեսա՞ր ինչպես փոխվեց,— դիմեց տղամարդը Գևորգին,- ո՞ւր են այն բազմագույն հրաշալի նկարները։ Չկան, սև թուխպը պատեց, գուցե անձրև էլ գա։

— Ասե՞լդ ինչ է,— հարցրեց Գևորգը ժպտալով։