Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/147

Այս էջը հաստատված է

— Այդպես է և երիտասարդական փայլուն կյանքը, շատ-շատ մինչև երեսուն տարի։ Հասավ երեսունը, մի ճեղք բացվեց, և նրա միջից դուրս եկած մութ ամպերը պատեցին տխուր քողով մարդու կյանքը։ Բայց դառնանք մեր վեճին։ Ինչպես ասացի, Գևորգ, սերը բնական պահանջ է, առանց նրան մարդ չի կարող ապրել, ինչպես ձուկը առանց ջրի։ Սերը, այսպես ասած, մարդկային գոյության խարիսխն է։ Բայց նա ցանցառ զդացմունք է դառնում, երբ կնոջն է վերաբերվում։ Կնոջ սիրել ներելի է, ինչպես ներելի է սիրել՝ Ղազանի գարեջուր, Թիֆլիսի խորոված, թառ-թառ, բիֆշտեկու։ Հասկացա՞ր։ Բայց նրա համար գիշերները նստել և սրտի խորքից «ախ»-եր քերելով դուրս թափել օդի մեջ — դա խելագարություն է։ Կինը հիմար արարած է Գևորգ, և ստեղծված է կյանքում հիմար դեր կատարելու, թեկուզ նա խորին փիլիսոփայի քղամիդ հագնի։ Ապա, խորը քննիր, տես ճիշտ եմ ասում, թե չէ։ Իսկ տղամարդը, օ՜ о՜ о՜, տղամարդը ուրիշ բան է, օրինակ, ես ու դու։ Կեցցե տղամարդը։


Արզաս Պետրովիչը — այսպես էր խոսողի անունը — այս ասելով, դատարկեց գարեջրի բաժակը։ Հետո նա մի կտոր հաց ու խավյար դրեց բերանը և շարունակեց.

— Տղամարդի նշանաբանն է՝ կնոջը նայել իբրև մի առօրյա կենսական պիտույքի վրա։ Այո՛, Գևորգ, նայել բարձրից և հետը արժան չհամարել երկար խոսելու։ Համաձա՞յն ես իմ մտքին։

— Ամենևին,— պատասխանեց Գևորգը,— դա Պրուդոնի միակողմանի սխալ գաղափարն է, որ երևի, քեզ վրա շատ է ազդել։

Արզաս Պետրովիչը ներողամտաբար ժպտաց։

— Պրուդոն, հըմ, Պրուդոն, ես նրան իսկի չեմ էլ կարդացել, եթե ուզում ես իմանալ։ Ես ասում եմ այն, ինչ որ կարողացել եմ նկատել մինչև այսօր։ Բայց թողնենք փիլիսոփայությունը։ Դու այժմ սիրահարված ես և կնոջ կոշիկներին երկրպագություն ես տալիս։ Ես էլ մի ժամանակ սիրահարված եմ եղել, թույլ տուր ինձ պատմել քեզ իմ ռոմանը, է՜հ, բան է․ գուցե կարողանաս օգուտ քաղել իմ պատմությունից։ Համաձա՞յն ես։