Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/15

Այս էջը հաստատված է

— Բեյրութ․․․ Բեյրութ․․․ եկ, այստեղ եմ... մոտեցիր, մեռնում եմ... о՛հ... о՛հ... պապակվեցի,— բացականչեց ծերունին, կամենալով ոտքի կանգնել։

Մի քանի վայրկյան հայր ու որդի չկարողացան ճանաչել իրարու։ Ծերունու ալևոր միրուքը խանձվել էր և երեսում կուչկուչվել։

— Ամա՛ն... այդ ինչ օրի ես ընկել, ափի,— ասաց որդին, խելագարի պես արձակվելով ծունկերի վրա թավալվող ծերունու վրա:

Մի վայրկյան ծերունին մոռացավ յուր այրված մարմնի կսկիծը և երկու ձեռներով մեքենաբար փաթաթվեց որդու վզին:

Մինչդեռ սրանք հայր ու որդի հեծեծելով, գրկած իրարու, խմում էին ցավի և կսկծանքի լեղին, մի քանի քայլ նրանցից հեռու կատարվում էր ուրիշ տեսարան։

Իբրև դժոխային անդունդի հատակից, վեց դիաթավալ մշակների միջից լսվում էին սիրտ պատռտող մորմոքաձայներ, և այս չէին նմանվում մարդկային ձայների, այլ մորթվող անասունների վերջին բառաչումներին և հուսահատ թառանչքին: Թավալվածներից երկուսն արդեն անշնչացած էին․ նրանց այրված ու այլանդակված դեմքերն այլևս չէին կրում իրանց վրա մարդկային դեմքի ոչ մի նշան, նրանց աչքերի բիբերը դուրս էին ցցվել ինչպես խորոված շագանակներ մոխրի մեջ: Գլխի ու երեսի մազերի ու հոնքերի հետքեր անգամ չկային․ նրանց գլուխները նմանվում էին թեժ կրակի միջից դուրս բերած մսի կտորների։ Չորս մարդիկ աշխատում էին նրանց դիակները մի կողմ քաշել։

Մի քանի քայլ հեռու այդ դիակներից, մի երիտասարդ մշակ, նստած գետնի վրա, ձեռներրը հողի մեջ տրորելով, բացականչում էր.

— Ձեռներս... ո՛ւֆ... ո՛ւֆ... խաշվեցին... պապակվեցին... տեր աստված... բայց իզուր... նա այրվեց... մեռավ... չկարողացա ազատել հորեղբորս...

Նրա թեժացած աչքերից գլորվեցին արտասուքի մի քանի կաթիլներ, և նա ձեռները տանելով դեպի աչքերը, թրջեց