Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/152

Այս էջը հաստատված է

ինքը։ Բադամովը խոսում էր ռուսերեն և, ինչպես թիֆլիսեցի, բաղաձայն տառերն արտասանում էր զարմանալի կոշտ։ Ինչևիցե, մենք ծանոթացանք և, մի քանի անգամ խոսելուց հետո, իրարու դուր եկանք։ Նա ինձ հաճելի եղավ իր պարզ, ինքնուրույն հայացքներով և համակրելի ծերուկական դեմքով, իսկ ես նրան — իբրև քիչ թե շատ լուրջ երիտասարդ։ Մի անգամ իրարուց բաժանվելիս, ծերունին, հասցեն տալով, հայտնեց, թե շատ ուրախ կլինի ինձ հյուր ընդունելու իր տանը, թեկուզ հենց հետևյալ օրը։ Հետևյալ օրը, իհարկե, չգնացի, գնացի մի շաբաթից հետո, առավոտյան տասներկու ժամին։ Ես ասացի, որ պատիվ ունեցա ծանոթանալ Բադամովի հետ, բայց, իսկապես, պիտի ասեմ, տարաբախտություն ունեցա։ Դա, Գևորգ, մի նշանավոր ծանոթություն էր, որի հետևանքը, ինչպես իսկույն կպատմեմ, եղավ կյանքիս մեջ մի արմատական փոփոխություն։

Ծերունին ինձ ընդունեց մի ուրախ և անկեղծ ժպիտ երեսին։ Նրա բնակարանը բավական ընդարձակ էր և թեև ոչ շքեղ, բայց ճաշակով կահավորված։ Նա ինձ հրավիրեց իր ընդունարանը, և մենք այստեղ տեղավորվեցինք թավշյա բազկաթոռների վրա։ Քառորդ ժամու չափ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ ծերունին ցուցամատը դրեց սեղանի վրա գտնվող զանգակի գլխին։ Զանգակը սև թիթեռնիկի պես հնչեց մի քանի վայրկյան։ Դռները բացվեցին, և ես զարմացա, երբ, ծառայի փոխարեն, ներս մտավ մի օրիորդ թեթև տնային չթյա հագուստով։ Օրիորդը ձախ ձեռքում պահած էր մի գիրք, որի մեջ նա մտցրել էր իր միջին մատը։

— Դո՞ւ ես, Լիզա, ծառան ո՞ւր է,— հարցրեց ծերունին իր մեղմ և հանգիստ ձայնով։

Ըստ երևույթին օրիորդը չէր կարծում, թե անծանոթ հյուր կա նստած։ Ինձ տեսնելով, նա մի քիչ շփոթվեց և կամենում էր հենց շեմքից հետ դառնալ, բայց Մարտին Բուղդանիչի հարցը նրան պահեց։

— Ծառան խոհանոցումն է, ի՞նչ եք կամենում,— պատասխանեց և հարցրեց օրիորդը, մի քանի վայրկյան երեսը դեպի մեզ շուռ տալով։

Այդ մի քանի վայրկյանները բավական էին, որ ես