Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/155

Այս էջը հաստատված է

հիշել։ Մի օր, սովորությանս հակառակ, փոխանակ շուտով տուն վերադառնալու, գնացի այգի։ Լուսինը նոր-նոր բարձրանում էր, խտատերև ծառերի միջից տարածելով իր շողերն այգու մութ ճեմելիքների վրա։ Տեսնում ես, ինչպես բանաստեղծորեն գիտեմ բարբառել, Գևորգ, էլ չասես, թե միայն քեզ է տված։ Նստեցի կանաչ նստարաններից մեկի վրա և սկսեցի նայել դեսուդեն — ծառերին, երկնքին, լուսնին, ամենից շատ լուսնին։ Կյանքումս գուցե հազարավոր այդպիսի գեղեցիկ երեկոներ էի տեսել, բայց երբեք այնքան չէի հետաքրքրվել բնության գեղեցկություններով, որքան այդ երեկո առաջին անգամ։ Ես սիրում էի հրաշալի, մեղմ, լուսին գիշերներ, բայց նրանց ազդեցության ենթարկված չկայի այնչափ, որչափ այժմ։ Մի տեսակ ծանր, սակայն խիստ ախորժելի մելամաղձություն էր տիրել ինձ։ Ինչո՞ւ, մի՞թե պատճառը Լիզայի աչքերն էին, որ ծառերի ճյուղերի արանքով նայում էին ինձ վրա։ «Սատանան տանի ձեզ», ասացի ինքս ինձ և, կարծես քնից զարթնելով, բարձրացա նստարանից։ Այդ ժամանակ ես սովորություն չունեի երեկոները ընթրելու, վերադարձա տուն, որ պարապեմ։ Չկարողացա պարապել, Գևորգ, ինչ ուզում ես ասիր, չկարողացա, թեև երկու ժամի չափ աշխատեցի։ Պառկեցի քնելու, քունս չտարավ, և ես տրորվում էի անկողնումս փորացավ ընկածի պես։ Տեսնելով, որ գիշերն անցնում է, սկսեցի թվել մտքումս մեկից մինչև հազար և հետ։ Այսպիսով, մոռացության մեջ ընկա և քունը, վերջապես, ինձ հաղթեց։

Առավոտը զարթնեցի զվարթ և առ․․․ ռ․․․ փփ․․․ քըհը, քըհը, փիե։

Արզաս Պետրովիչը չկարողացավ շարունակել, գարեջուրը թռավ կատկին և ստիպեց նրան մի քանի վայրկյան հազել և կմկմալ։ Վերջապես, նա քիչ հանդարտվեց և, թաշկինակը հանելով, սրբեց աչքերի ջուրը։

— Ճանճ մտավ բողազս ի՞նչ է,— շարունակեց նա, թաշկինակը դնելով գրպանը։— Այո, Գևորգ, առավոտը զարթնեցի զվարթ և առողջ, ամեն ինչ մոռացած։ Այն օրն ես անցկացրի հոգու ուրախ տրամադրության մեջ։ Մի քանի հիվանդներ ունեի, այցելեցի նրանց և սովորականից մի քանի րոպեներ