Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/156

Այս էջը հաստատված է

ավելի մնացի ամեն մեկի մոտ։ Մի խոսքով, ես մի առանձին կենդանություն էի ստացել այդ օրը։ Բայց մթնելուն պես մելամաղձությունը տիրեց ինձ։ Լիզայի աչքերը դարձյալ եկան ներկայացան իմ առջև։ Մի կերպ անցկացրի այդ գիշերը։ Հետևյալ օրը կիրակի էր։ Ես մոռացա քեզ ասելու, որ այդ օրվա համար Մարտին Բուղդանիչն ինձ հրավիրել էր ճաշի։ Առավոտը թեյ խմելիս, ես մտածում էի, «գնա՞լ, թե՞ չգնալ»։ Վճռեցի չգնալ։ «Ի՛նչ մի հետաքրքրելի բան է ներկայացնում մի հին չինովնիկի ընտանիքը», ասացի և վճռեցի կամ նամակ գրել կամ ծառային ուղարկել՝ Բադամովից ներողություն խնդրելու։ Բայց ի՞նչ ես կարծում, Գևորգ, ես ոչ մեկն արեցի, ոչ էլ մյուսը, այլ․․․ գնացի սափրավիրի մոտ, մազեր ուղղել տվեցի, եկա տուն, զուգվեցի և հրավիրված ժամանակից էլ կես ժամով առաջ գնացի Բադամովի տուն։

Գևորգը ժպտաց։

— Ի՞նչ է, երևի մի փոքր նման է քո ռոմանին,— նկատեց Արզաս Պետրովիչը,— ծիծաղիր, ծիծաղիր, բայց տես, թե վերջն ինչ եղավ։

— Էհ, ինչ երկարացնեմ, Գևորգ, մենք նստեցինք ճաշելու,— շարունակեց Արզաս Պետրովիչը, մի ծխախոտ վառելով։— Չգիտեմ ինչու, այս անգամ Լիզան ավելի ուրախ էր և շատ էր խոսում, քան առաջին օրը։ Մենք խոսում էինք դեսից դենից, շատ հասարակ բաների մասին, բայց Լիզան այնպես տաքացած վիճաբանում էր, որ ես փոքր-ինչ զարմացա։ Կրտսեր քույրը մի տեսակ կծու եղանակով նկատեց.

— Օրը մինչև երեկո, արցունքդ թթվացրած, գրքեր ես կարդում, ոչ խոսում ես, ոչ էլ ծիծաղում, հիմա ի՛նչ եղավ, որ սոխակ դառար։

Լիզան պատասխանելու փոխարեն, փոքր-ինչ կարմրեց։ Ես հարցրի, ինչ գրքեր է կարդում նա։

— Ինչ որ ասեք,— պատասխանեց Մարտին Բուղդանիչն իր աղջկա փոխարեն։

— Պապա, մի՞թե դուք կարծում եք, որ բոլոր ձեր բերած գրքերը կարդում է Լիզան,— կրկին մեջ մտավ Եվգենյան, հեգնորեն ժպտալով։— Ռոմանների մասին խոսք չունիմ, Լիզան նրանց կլանում է, մյուս գրքերը միայն թերթում է, որ