Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/16

Այս էջը հաստատված է

յուր պլոկված մատների ծայրերը։ Կարծես այդ աղի կաթիլները կարող էին զովացնել նրա սիրտը։

Սրանից մի փոքր հեռու լսվում էին խուլ աղոթքի ձայներ։

-Ո՛վ միակ աստված և դու, Մուհամմեդ, նրա մեծ մարգարեն, տեսնում եք ձեր սուրբ աչքերով, որ մենք ինչ սարսափելի կերպով ենք տալիս մեր հոգին: Լա... լա, Իլլալլահ, Մուհամմեդ Րասուլ Ալլահ... Ռուհի ջյաննաթ․..

Այդ — պարսիկ մշակներն էին, որոնցից մեկի գլուխս ջարդվելով, գրեթե երկու կտոր էր եղել. նա փչում էր իր վերջին շունչը, իսկ երկուսի ոտներն ու կռներն էին ջարդվել։

Ամբոխը խաոնվել էր այնպես, որ ոչ ոք այլևս ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, որն այդ ժամանակ սկսել էր փոքր առ փոքր մեղմանալ։

Իվան Գրիգորիչը գոռում էր․

— Աստված սիրեք... հրդեհը․․․ հրդեհը․․․, մի՛ մոռանաք նրան... այդ վիրավորվածներին հետո էլ կարելի է ժողովել, բայց գործարանս, նա ձեռքից գնում է․ նա այրվեց․ վերջացավ, տունս քանդվում է, ի սեր աստուծո, խղճացեք։

Բայց Իվան Գրիգորիչի գոռոցների վրա ուշադրություն դարձնողներ քիչ եղան. աշխատում էին նրա հարևան գործարանատերերի մշակները, որոնց տերերը ստիպում էին չհեռանալ գործից, մինչև որ բոցը չի դադարիլ իրանց գործարաններին վտանգ սպառնալ։

— Մենք չենք կարող այդ թշվառներին անտեր, անօգնական թողնել ու հրդեհի մասին աշխատել,— գոռում էին ամբոխի միջից դեպի Իվան Գրիգորիչը,— այսքան մարդ է կորչում մի րոպեում, թող կորչի գործարանդ, դու էլ․․․

— Այո՛, այո՛, դու ես դրանց այրվելու պատճառը․ եթե ժամանակին քո անիծյալ նավթակաթսաները և վառարանը շինել տայիր, այդ դժբախտությունը չէր պատահիլ ո՛չ քեզ, ո՛չ այդ խեղճերին։

Գործակատարը, որ Իվան Գրիգորիչին շվաքի նման հետևում էր ուր նա վազում էր, մոտեցավ նրան և ասաց․

— Իվան Գրիգորիչ, խորհուրդ եմ տալիս հեռու կենալ այդ չարամիտներից, ո՛վ գիտե ձեզ ինչ վնաս կհասցնեն,