Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/168

Այս էջը հաստատված է

գտնում այդ գրավիչ զորությունը, որ միանգամից հպատակեցրեց իմ սիրտը։ Արշակ, շատերն են ինձանով գրավվել։ Ես չեմ ասիլ, իհարկե, որ ամենքն էլ իմ հիսուն հազարի օժիտը դրել են կշռի մի թաթում, իսկ ինձ — մյուս թաթում։— Ո՛չ եղել են և՛ անկեղծ սիրողներ, բայց ոչ մեկը նրանցից չի կարողացել հպատակեցնել ինձ։ Կրկնում եմ, Արշակ, չգիտեմ ինչ է այդ զորությունը, ես նրան գտնում էի միայն վիպական հերոսների մեջ։— Բայց այժմ համոզված եմ, որ կպարզվի, երբ դու կպատմես ինձ քո անցյալը, ներկան, քո գաղափարները, նպատակները, մի խոսքով, բոլորը, բոլորը, առանց մի որևէ մանր կետ թաքցնելու։ Լսում ես, դու պիտի բոլորն ինձ համար պարզես ։

Այս խոսքերից հետո, Լիզան աչքերը հառեց աչքերիս։ Նա սպասում էր, որ ես մի քանի րոպեում պատմեմ բոլոր իմ, ինչպես ինքն էր ասում, «անցյալը, ներկան, ապագան, գաղափարները, նպատակները»։ Հեշտ է ասել։

Ես պատասխանեցի, թե առաջներիս ժամանակ շատ կա և ես պատրաստ եմ պարզել իմ կյանքը։

— Հենց այսօրվանից,— հրամայեց նա։

— Հենց այսօրվանից,— համաձայնվեցի ես։

Հետո սկսեցի պատմել, թե ովքեր են իմ ծնողները, ինչ կրթություն եմ ստացել, և այլն, և այլն։

— Իսկ ի՞նչ գաղափարական նպատակներ ունես, — հարցրեց Լիզան, երբ ես ավարտեցի իմ պատմությունը։

Ես ասացի, թե դժվար է միանգամից պատասխանել այդ հարցին, քանի որ շատ խնդիրներ դեռ ինձ համար մութ են։

— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց նա հանկարծ։

— Քսանևութերորդն եմ։

— Մի՞թե այդ հասակում դեռ քեզ համար մութ խնդիրներ են մնում։

— Կյանքը շատ բարդ բան է, Լիզա, նրան ուսումնասիրելու համար տասնյակ տարիներ են հարկավոր։

— Որոշ նպատակներ և գաղափարներ ունեցող մարդը կյանքը շուտ է ըմբռնում։ Պետք է միայն տեսակետ ունենալ։

Ես սկսեցի մանրամասն բացատրել, թե դրա համար հարկավոր է ունենալ ձիրք, այսինքն՝ դիտողական ձիրք։