Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/172

Այս էջը հաստատված է

նայում էի նրա երեսին, որ հասկանամ միտքը և կարծում էի, որ նա կշփոթվի այդ հայացքից և ինքը կզղջա իմ առջև յուր կասկածի մասին։ Բայց ոչ ես էի նրա միտքը լավ հասկանում և ոչ էլ իմ սուր հայացքներն էին նրա վրա ազդում։ Այս նկատելով, ես ինքս էի սկսում զղջալ։ «Ի՞նչ մանրակրկիտ մարդ եմ»,— կրկնում էի ինքս ինձ և, միևնույն ժամանակ դարձյալ սկսում էի կասկածել։ Պիտի ասեմ, Գևորգ, որ մինչև այդ կասկածանքն իմ մեջ հղանալը, մեր բացատրությունից հետո, ես էլ փոքր առ փոքր փոխվում էի դեպի Լիզան։ Միայն այդ փոփոխությունն այն չէր, ի՞նչ որ Լիզայինը։ Մի փոքր առաջ նկարագրեցի Լիզայի կերպարանքը, և դու տեսար, որ նա, թեև ոչ շատ գեղեցիկ, բայց հրաշալի էակ էր։ Նա հափշտակեց ինձ, կուրացրեց միանգամայն, և ես, հիացած, չգտա ոչ մի պակասություն նրա մեջ։ Առաջին անգամ իմ մեջ ծագեց մի ցանկություն. «Երանի թե քեզ հետ խոսեմ»,— ասացի մտքումս։ Երբ Լիզան երկրորդ անգամ դաշնամուրի վրա ածում էր, իսկ ես նայում էի նրա մատներին՝ մտածեցի. «Երանի թե կարողանամ գրավել քեզ, Լիզա»։ Երբ մի փոքր համոզվեցի, որ գրավել եմ Լիզային, «Երանի թե կարողանամ համբուրել քո ձեռը», ասացի ինքս ինձ։ Իսկ երբ ստացա իրավունք նրա ձեռներն էլ, թշերն էլ, շրթունքներն էլ անթիվ անգամ համբուրել, այն ժամանակ միայն սկսեցի զննել Լիզայի դեմքն և շատ պակասություններ գտա այդ դեմքի վրա։ Մի օր ինձ թվաց, թե նրա քիթը կարճ է, մյուս օրն ես նկատեցի, որ նրա ծնոտը մի փոքր մեծ է և չի համապատասխանում դեմքի ուրիշ մասերին։ Եվ այսպես, ես ամեն օր մի ֆիզիկական պակասություն էի գտնում Լիզայի մեջ։ Այս ամենն ես հայտնում էի իրան, միևնույն ժամանակ, իմ սերը դրանով չէր պակասում, ընդհակառակը, օրըստօրե նա զորեղանում էր։ Բայց մի զարմանալի բան, Գևորգ, որի վրա արժե մտածել— երբ իմ մեջ ծագեց կասկած, թե Լիզան մի քիչ փոխվել է դեպի ինձ, նրա դեմքի այդ բոլոր պակասություններն իսկույն անհետացան իմ աչքում, և դարձյալ Լիզան թվաց ինձ աննման հրեշտակ։ Թե ինչու և ինչ պատճառներից էին առաջանում այդ փոփոխությունները —չեմ կարող բացատրել։

Այսպես, Գևորգ, ես Լիզայի մեջ նկատեցի մի տեսակ