Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/173

Այս էջը հաստատված է

փոփոխություն, դեպի ինձ։ Կարող էի գուշակել, որ այդ փոփոխությունն արմատապես պիտի փոխեր իմ կյանքը, հիմնահատակ աներ կնոջ վրա կազմած բոլոր իմ գաղափարներն, այնպես, որ այսօր բոլորովին թշնամական աչքով։ Բայց այսպես եղավ, Գևորգ, և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Իմ նշանակությունը թուլացավ Լիզայի աչքում այն ժամից, երբ նա ճանաչեց ինձ, նրա համար պարզվեց իմ, հասարակ մահկանացվիս կյանքը։ Ազատասիրական զաղափարներով հափշտակված, ես աշխատում էի նայել Լիզայի վրա իբրև ինձ հետ հավասար մի էակի վրա։ Ես չէի օգտվում իմ մտավոր զարգացման առավելությունից և չէի ձգտում բարձրից նայել նրա մտավոր կարողության վրա։ Թեև մենք շատ բաներում համաձայն չէինք իրարու մտքերով, և ես շատ անգամ հերքում էի նրա հայացքն երբ կյանքի վերաբերմամբ, բայց հարգում էի այդ հայացքները և երբեք, երբեք չէի արհամարհում նրան։ Եվ, հավատացի՛ր, Գևորգ, որքան հարգում էի և որքան խոնարհվում էի Լիզայի առջև, նույնքան նա աշխատում էր ինձ վրա բռնանալ և նույնքան ձգտում էր արհամարհել իմ մտքերը։ Այս բոլորը ես Արգոսի աչքերով տեսնում էի և ոչ մի կետ բաց չէի թողնում, տեսնում էի և, միևնույն ժամանակ, չէի կարողանում պատճառը գտնել։ Որպեսզի վերջ տամ Լիզայի այս անախորժ վարմունքին դեպի ինձ, վճռեցի մի համարձակ քայլ անել։ Կամենում էի միանգամից իմանալ նրա միտքը։

— Լիզա,— հարցրի մի օր, երկար վիճաբանությունից հետո,— ե՞րբ պիտի վերջնականապես վճռվի մեր վիճակը։

Այս հարցն առաջարկեցի հանկարծ։ Լիզան չհասկացավ նրա միտքը։ Նա զարմացած նայեց երեսիս և հարցրեց, ի՞նչ ես ուզում ասել։

— Կամենում եմ իմանալ, թե ե՞րբ պիտի պսակվենք,— պատասխանեցի ես համարձակորեն և շտապով, որպեսզի չվհատվեմ և չփոշմանեմ։

Լիզան աչքերը խոնարհեցրեց և պատասխանեց.

— Չգիտեմ։

— Իսկ ես կարծում եմ, որ միայն դու գիտես։ Մի՞թե հորդ կողմից արգելք կա։