Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/176

Այս էջը հաստատված է

բժիշկ Արզաս Պետրովիչ Մագսուտյանին,— ասաց Մարտին Բուղդանիչը։

Բազկաթոռը ճռճռաց, Գևորգ, և նրա միջից բարձրացավ մի վիթխարի։ Նա, մի փոքր իմ կողմ շուռ գալով, քթի տակ մրթմրթաց յուր ազգանունը և լայն ու երկայն ձեռը մեկնեց դեպի ինձ։ Ես սեղմեցի այդ հսկայական ամուր ձեռը և հազիվհազ լսելով նրա ազգանունը՝ «Սեթյան», տեղավորվեցի բազկաթոռներից մեկի վրա։ Վիթխարին ուղղելով յուր սև սյուրտուկի երկայն փեշերը, կրկին թաղվեց բաղկաթոռի մեջ։ Դա մոտ երեսունևհինգ տարեկան, պարթև հասակով, լայն թիկունքով, երկայն բազուկներով, խոշոր աչքերով և գեղեցիկ, բայց մռայլ դեմքով մի տղամարդ էր։ Ես նայեցի նրա կարճ խուզած սև մազերին ու միրուքին, թանձր բեղերին, որ հովանավորում էին նրա սեղմված շրթունքները, նայեցի նրա հայկական արծվանման քթին և, չգիտեմ ինչու, մտքումս ասացի «լավ է»։ Լիզան դաշնամուրը թողեց, որի վրա մինչև իմ գալը պատրաստվում էր ածելու, և եկավ նստեց մեր շարքում, հսկայի դեմուդեմ։ «Ինչո՞ւ իմ դեմ չնստեց», անցավ իսկույն մտքովս, բայց ես իսկույն էլ մոռացա այդ։

Մարտին Բուղդանիչը համառոտ ծանոթացրեց ինձ և նոր հյուրին իրարու հետ։ Ես նրա հատ ու կտոր բացատրություններից իմացա, որ Սեթյանն յուր ամենահին բարեկամներից մեկի որդին է, նոր է վերադարձել Գերմանիայից ուր ուսումնասիրել է ինչ-որ մասնագիտություն և այժմ մտադիր է Թիֆլիսի շրջակայքում գործարան բանալ։ Թե ինչ էր նրա մասնագիտությունն և ինչ գործարան պիտի բանար — չիմացա։ Ինքը Սեթյանն էլ ոչինչ չասաց։ Փոքր առ փոքր խոսակցությունը տաքացավ։

Սեթյանը լուռ էր, միայն երբեմն Մարտին Բուղդանիչի այս կամ այն հարցին պատասխանում էր «այո» կամ «ոչ» և ուրիշ ոչինչ, Նա ոչ ոքի երեսին չէր նայում։ Բայց երբ թանձր բեղերը բարձրացնում էր, որ արտասանի իր «այո»-ն կամ «ոչ»-ը, ամենը նայում էին նրա երեսին։ Որովհետև ամենի հայացքների կենտրոնը նա էր, ուստի ես էլ բնազդաբար նրան էի մտիկ անում։ Իրավ, Գևորգ, արժեր նայել այդ առնական, գեղեցիկ, մռայլ և գրավիչ դեմքին։ Բայց ես այնքան հավատ