Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/178

Այս էջը հաստատված է

շեշտելով, որպեսզի ունենամ իմ ցանկացած ազդեցությունը։

Ես նայեցի Լիզային, բայց նա երեսը շուռ տվեց ինձանից։ Դա ինձ շփոթեց, բարկացրեց և հուզեց։

— Մինչև հիվանդության երևալը, բայց երբ նա երևո՞ւմ է,— կրկին հարցրեց Մարտին Բուղդանիչը։

— Այնուհետև, իհարկե, բժշկականության գործն է,— պատասխանեցի ես տաքացած,— իսկ թե ինչու չի կարողանում բժշկականությունը վերջ տալ այդպիսի հիվանդությունների, դա նրանից է, որ այդ հիվանդությունների մասին դեռ շատ մութ խնդիրներ կան նրա համար չպարզված։

Այս ասելով, անգիտակցաբար նայեցի Սեթյանի երեսին։ Ինչո՞ւ— ինքս էլ չգիտեի։ Իսկ նա դարձյալ ոչ ոքին չէր նայում, դարձյալ լուռ էր և կարծես վճռել էր բնավ չխոսել։ Մարտին Բուղդանիչը չբավականանալով իմ պատասխանով, դիմեց նոր հյուրին.

— Ձե՞ր կարծիքն ինչ է, Սերգեյ Միխայլովիչ։ Սերգեյ Միխայլովիչ Սեթյանը գլուխը թեքեց բազկաթոռի մեջքին, ձեռները տարածեց աջ ու ձախ, բեղերը դանդաղությամբ շարժեց և խորհրդավոր եղանակով պատասխանեց չորս խոսք։

— Բժշկականությունը դրական գիտություն չէ։

Այնուհետև նա կրկին գլուխը թեքեց կրծքին, բեղերը հավաքեց և լռեց։ Ամենքն իրանց հայացքները բևեռեցին նրա բերանին, կարծես, սպասելով, որ նա շարունակի։ Բայց նա չռեց։ Ես մտիկ արեցի նրա երեսին, և նա այս անգամ ինձ վրա մի ահագին ժայռի տպավորություն գործեց։ Թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող նրանից ավելի խոսք դուրս քաշել։ Բայց ինչ ասաց նա, ոչինչ,— գրեթե միևնույնը, ինչ-որ ես ասացի մի քիչ առաջ։ Ինչո՞ւ ոչ ոք չնայեց ինձ վրա, ոչ ոք նշանակություն չտվեց իմ պատասխանին։ Ինչո՞ւ այժմ Լիզան ստրկաբար նայում է նրա երեսին, կարծես, սպասելով, որ այդ ժայռը գոնե մի թեթև հայացք ձգի յուր վրա։

— Իհարկե,— շարունակեցի ես Սեթյանի փոխարեն,— բժշկականությունը մաթեմատիկական գիտություն չէ, նա չունի որոշ և անսխալ ֆորմոզներ, որոնց հիման վրա կարողանար անհերքելի եզրակացություններ անել։ Բայց նա, այնուամենայնիվ