Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/183

Այս էջը հաստատված է

մյուսին։ Լա՛վ լսեցեք, անգիտակցաբար եմ ասում և ոչ թե գիտակցաբար։

Այս խոսքերից հետո Լիզան լռեց։

— Բայց ինչո՞ւ պիտի միայն տղամարդն ունենա իր մեջ այդ ձեր ասած հոգեկան զորությունը,— հարցրի ես։

— Ես զգում եմ, որ կնոջ համար ավելի դյուրին է և քաղցր հպատակվեի, քան թե հպատակեցնել։ Հենց այդ հպատակությունն է, որին մարդիկ անվանում են կնոջ սեր։ Ես այսպես եմ հասկանում։

— Դա սխալ գաղափար է, օրիորդ,— ընդհատեցի ես։ 

— Սխալ թե ուղիղ, բայց իմ համոզմունքն է։

— Եվ դուք երբեք չե՞ք փոխելու։

— Երբե՛ք։

— Ուրեմն իմ մեջ չկա՞ այդ զորությունը։

— Չգիտեմ, բայց, ո՛վ գիտե, գուցե կա — ես չեմ զգում։ Սակայն ինձ թվում է, որ եթե զգայի, այս խոսակցությունը մեր մեջ չէր լինիլ և ես կհետևեի ձեզ անգիտակցաբար, ուր որ գնայիք։

— Բայց ո՞ւմ մեջ եք զգում,— հարցրի ես։

— Բավական է,— պատասխանեց Լիզան խստությամբ։

— Ուրեմն ձեր սերը դեպի ինձ...

— Ես պատասխանեցի արդեն այդ հարցին,— ընդհատեց խոսքս Լիզան և ձեռով մի վճռողական շարժում անելով, բարձրացավ տեղից։

Ես ոչխարի պես մի րոպե ապշած նայեցի նրա երեսին. հետո կոկորդիս մեջ զգացի մի ճնշում։ Կարծես մեկը խեղդում էր ինձ։ Լիզան նայեց ինձ և ասաց․

— Դուք արտասվո՞ւմ եք, դա թուլություն է․․․

Իրավ, որ ես հիմարս արտասվում էի, Գևորգ, և շատ դառն էի արտասվում։ Բայց Լիզայի հանդիմանությոմը մի րոպե իմ մեջ վառեց առնական ինքնասիրությունս։ Ես գլխարկս վերցրի և ասացի.

— Մնացեք բարով։

— Գնացեք բարով, կարող եք այցելել, եթե ուզում եք,— պատասխանեց Լիզան, ձեռը մեկնելով ինձ։