Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/184

Այս էջը հաստատված է

— Ոչ, հավիտյան, հավիտյան,— կրկնեցի ես և շտապով դուրս եկա։

Այստեղ Արզաս Պետրովիչը հանկարծ լռեց և, գրպանից թաշկինակը հանելով, սրբեց ճակատը, ուր քրտինքի նշույլ անգամ չկար։ Նա այնպիսի արագությամբ և ամուր էր քսում թաշկինակը, որ, կարծես, այդպիսով ուզում էր հեռացնել իրենից անցյալի վշտալի հիշատակները։ Գևորգը, որ մինչև այդ Ժամանակ լուռ ու մունջ, աչքերը հառած իր բարեկամի երեսին, խորին ուշադրությամբ լսում էր նրա պատմությունը, անհամբերությամբ հարցրեց.

— Հետո՞։

— Հետո, էլ ինչ հետո,— պատասխանեց Արզաս Պետրովիչը, խոր հառաչելով։

— Հետո, բարեկամս, ընկա այն դրության մեջ, որից դուրս գալու համար միայն երկու ելք ունեի — կամ ինքնասպանություն, կամ մոռացություն։ Բարեբախտաբար, կարողացա դիմել երկրորդ միջոցին։ Հանգամանքների բերմամբ կառավարությունն ինձ պաշտոնով փոխադրեց ուրիշ քաղաք։ Այստեղ ինձ հաջողվեց մի տարվա ընթացքում դուրս բերել սրտիցս Լիզային։ Լիզայի հետ իմ մեջ մեռան և՛ սիրո զգացումը, և՛ հավատը դեպի կին ասված էակը։ Իսկ թե որքան ծանր և տաժանելի էր ինձ համար այդ մի տարին, ես չեմ պատմիլ, Գևորգ, որովհետև առանց այն էլ պատմությունս խիստ երկարացավ։

Արզաս Պետրովիչն արագությամբ բարձրացավ տեղից, ժամացույցին նայեց և ասաց.

— Բարի գիշեր։ — Սպասի՛ր,— պահեց նրան Գևորգը,— դու դեռ չես ավարտել քո պատմությունը, ո՞ւր ես շտապում։

— Ես ավարտեցի,— ասաց Արզաս Պետրովիչը, գլխարկը դնելով։

— Իսկ Լիզա՞ն։

— Մի՞թե այդ հետաքրքրելի է։

— Գոնե ինձ համար խիստ հետաքրքրելի է։

— Հիշում ե՞ս այն երեկոն, երբ Մուշտայիդում ես ու դու զբոսնում էինք։