Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/186

Այս էջը հաստատված է

Ն Ո Ր Ե Ր Ի Ց Մ Ե Կ Ը

Պատկեր

Օրը մթնեց։ Ծանր, վշտալի օր, նա անցավ․․․ Գիշեր է, կլուսանա, արեգակը դուրս կգա, և դարձյալ կսկսվի նույն տաղտկությունը, նույն ձանձրալի կյանքը, որն ահա ուղիղ հինգ տարի է նրան մաշում է։ Անհնարին է այդպես շարունակել, այդ արդեն չափազանցություն է, ստորություն է և, վերջապես, անբարոյականություն է։ Դառն է այդ ճշմարտությունը, բայց ճշմարտություն է, և, վերջապես, ժամանակն է ուղիղ նայել այդ ճշմարտության երեսին։ Հարց, ի՞նչ է անում նա, ո՞ւր է գնում, ինչո՞ւ համար է ապրում։ Գտել է, խնդիրը հենց այդ չորս բառերի մեջ է կայանում, «Ինչո՞ւ համար է ապրում», այսինքն, ի՞նչ է նրա գոյության նպատակը։ Մի՞թե միայն ապրելը։ Բայց լոկ ապրելն, արդյոք, կարո՞ղ է բարոյական մարդու կյանքի նպատակ լինել։— Ոչ։ Ապրել միայն ապրելու համար — այլ ստոր և զզվելի կյանքն է, որ արժանի է միայն անբան կենդանուն։ Բայց ի՞նչ ասել է կյանքի նպատակ։— Նա մարդկային գոյության հենարանն է։ Սուտ է, որ ասում են, թե կան մարդիկ առանց նպատակի։ Նա չի հավատում։ Աննպատակ կյանքը մահ է։ Հարուստի և աղքատի, տգետի և իմաստունի, բարոյական մարդու և անբարոյականի կյանքն ունի որևէ հենարան։ Ամեն մարդ ձգտում է հասնել յուր ցանկացածին, և ահա այդ ցանկացածին հասնելու հույսն է, որ պահում է յուրաքանչյուրի գոյությունը։ Հակառակ