Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/193

Այս էջը հաստատված է

են աղքատ շինականի և նրա փոքրիկ զավակների ձյունից ու բուքից քարացած մարմինները։ Հարուստի պալատում նրանք դուրեկան ջերմություն են պարգևում փարթամներին։ Իսկ նա, անբախտը, նա է միայն ավելորդ մարմին աշխարհի երեսին։ Որքա՜ն դժբախտություն, որպիսի՜ ցավ է զգալ ինքդ քեզ մինչև անգամ այդ անշունչ առարկայի, փայտի առջև քո ստորությունը, քո ոչնչությունը։ Այդ մի անտանելի վիշտ է...

Քամալյանը մոտեցավ սեղանին և կրկին սկսեց թերթել հիշատակարանը։

Այնտեղ նկարագրված է նրա կյանքը 187... թվականից մինչև այսօր, այսինքն՝ սկսած այն օրից, երբ ավարտեց գիմնազիայում յուր ուսման ընթացքը։ Նա արհամարհեց բարձր կրթությունը և ինչո՞ւ։ Նրա համար, որ ավելի շուտ մտնի հասարակական գործունեության ասպարեզը։ Այն ժամանակ շտապում էր և, կարծելով, թե բավական է յուր ստացած մտավոր պաշարն այդ ասպարեզում յուր համար հարմար տեղ բռնելու։ Նա մտածում էր, որ կարող է ընթերցանությամբ լրացնել այն պակասը, որ պիտի լրացներ համալսարանն, և սկսեց այդ օրվանից անդադար և անընդհատ կարդալ, կարդալ ու կարդալ։ Ահա այստեղ դրված է նրա կարդացած գրքերի անունները։ Տեր աստված, ո՜րչափ անկանոն և անկապ ընթերցանություն։ Բայց նա մինչև այսօր էլ շարունակում է։ Օ՛հ ցնորք, մի ժամանակ նա հավատացած էր, թև մեծ բանաստեղծական ձիրք ունի, և այդ ցնորքով ոգևորված ուսումնասիրում էր Շեքսպիրին, Շիլլերին, Բայրոնին, Գյոթեին։ Լա՜վ ուսումնասիրեց, համբերություն չունեցավ սրանց դրվածքներից գեթ մեկը կանոնավոր կերպով կարդալու։ Ինչ ծաղրելի միտք էր այն, որ այդ ժամանակ նրան պաշարել էր։ նա հավատացած էր, թե յուր մեջ կա թաքնված ընդարձակ տաղանդ և կարծում էր, որ ընթերցանությունը կսպանի այդ տաղանդի ինքնուրույնությունը։ Բայց ահա՛ նրա բանաստեղծական տաղանդի պտուղը, ահա այն հիմար, անհամ ոտանավորները, որոնք նույնիսկ Թառումյանի նման տխմարին էլ ծիծաղ էին պատճառում։ Փորձեց մի դրամատիկական պիես գրել. կարծում էր, որ պրոզան ավելի կհաջողվի։ Բայց, դեռ առաջին երկու երեսը չավարտած, թողեց։ Այն արդեն չափից