Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/194

Այս էջը հաստատված է

դուրս անհամ էր։ Փորձեց վեպիկներ գրել...թյո՛ւ ինչ անտանելի էին այդ օրերը։ Ուղիղ երկու շաբաթ մտածել միայն մի վեպիկի վերնագրի մասին և վերջ ի վերջո հորինել «Դանդաղություն» վերնագիր — այդ արդեն չափից դուրս է, խելագարություն է։ Եվ ո՞ր մեկը թվի, նրա հիմարություններն անթիվ, անհամար են, նրա ամեն քայլ եղել է սխալ։ Բայց ինչի՞ցն է ծագել այդ սխալը։— Թուլությունից, հաստատ կամքի բացակայությունից, որոնք նրա անբնական կյանքի հետևանքներն են։ Նույն անբնական կյանքը շարունակվում է և՛ այսօր։ Նրա ուղեղը ծանրաբեռնվել է հազար տեսակ տարբեր գաղափարներով, իրարու հակառակ մտքերով, և այդ բոլորն անորոշ ու անկանոն կերպով այս րոպեին դասավորված նրա գլխումը, դժդժում են այնտեղ, ինչպես անթիվ որդեր։ Ի՞նչ է արել... ի՞նչ է անում և ի՞նչ պիտի անի... է՞լի ոչինչ։ Ոչի՜նչ...

Նա հանեց ժիլետի գրպանից ժամացույցն և նայեց։

— Արդեն գիշերվա երկու ժամն է, քունս չի տանում, գլուխս ցավում է... ականջներումս, կարծես, թմբուկներ են ածում, գլխիս գանգը ուզում է տրաքվել։ Ինչպե՞ս տաք է ճակատս. աչքերս մթնում են... այդ ինչի՞ն է... Անքնությունից կլինի, երեկ գիշեր էլ մինչև լույս չեմ քնել։ Բայց ի՞նչ անեմ, որ քունս չի տանում։ Զարմանալի բան․․․ այսօր չեմ ճաշել, երեկոյան էլ թեյ չեմ խմել, բայց քաղց ամենևին չեմ զգում, ախորժակս մեռել է․․․

Նա կրկին բարձրացավ տեղից և կրկին սկսեց քայլել։ Այս անգամ նրա երեսին բոլորովին գույն չէր մնացել, աչքերը վառվել էին, ցամաքած շրթունքները ցնցողաբար դողդողում էին։ Նա մտածում էր, բայց ինչ էր մտածում — այդ ինքն էլ չգիտեր։ Նրա գլխում տիրում էր կատարյալ քաոս։ Սակայն մտքերի այդ խառնաշփոթության մեջ որոշվում էին հետևյալ գծերը։

— Հոգու անդորրությունը մարդկային կյանքի երջանկությունն է։ Երանելի է այն մարդը, որ վայելում է այդ երջանկությունը։ Ես մինչև այսօր զուրկ եմ եղել նրանից, նամանավանդ — այժմ։ Իմ անցյալը լիքն է վշտերով, ապագան պատկերանում է իմ առջև սև գույներով, իսկ ներկան անտանելի է։