Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/196

Այս էջը հաստատված է

ձեռը խփեց ճակատին և պատուհանի վարագույրը շտապով ծածկեց։

— Վճռված է, վճռված է,— արտասանեց նա բարձր ձայնով,և կրկին դիմեց սեղանին։

Նա ջարդված սրտով, թուլացած մարմնով ընկավ աթոռի վրա և երկու ձեռներով պինդ սեղմելով գլուխը, սկսեց անթարթ աչքերով նայել հիշատակարանին։ Նրա հայացքն անմիտ էր, նրա շրթունքները ժպտում էին վայրենի կերպով, աչքերը փայլում էին մի տեսակ կատաղի փայլով։ Մի քանի րոպե նա այս դրության մեջ մնաց, հետո կրկին սկսեց քայլել։ Նրա ծնկները թուլացել էին, հարբածի նման չէր կարողանում ուղիղ ման գալ։ Այդպես շարունակեց մոտ կես ժամ։ Հետո նա, շուռումուռ գալով, դարձյալ մոտեցավ սեղանին և հանկարծակի, խելագարի պես, հարձակվեց հիշատակարանի վրա, վերցրեց նրան և սկսեց ձեռներով ճմռտել և ատամներով կրծոտել․․․

Վառարանը հանգչելու վրա էր, կրակի երեսն արդեն ծածկված էր մոխրով։ Քամալյանը, հիշատակարանը կրծոտելով և վայրենաբար բղավելով, մոտեցավ վառարանին, վերցրեց ունելիքը և կրակը խառնեց։ Անցան մի քանի վայրկյաններ, հանկարծ կրակը վառվեց, և վառարանի մեջ բարձրացավ պայծառ բոց։

— Հա՛ հա՛ հա՛, քսանուհինգ տարվա կյանք... ահա՛ ինչ է քո վարձը, ահա ինչի ես արժանի դու,— գոռաց նա վայրենի զվարճությամբ. նայելով հիշատակարանի բոցավառված թերթերին։

Մի րոպեում կրակը լափեց երեսուն թերթերից բաղկացած ձեռատետրը։ Բոցը դադարեց, և կրկին մոխիրը ծածկեց կրակի երեսը։

— Վերջացավ, վերջացավ ամենայն ինչ, քսանուհինգ տարվա կյանքս մոխիր դարձավ, մոխիր դարձավ իմ բոլոր անցյալը... Ազատվեցի, ուֆ, ազատվեցի... գնա կորիր հին կյանք, էլ քեզ հետ ես գործ չունիմ։

— Ամեն ինչ կորավ, կորավ ամբողջ կյանքս, անհետացավ։ Չկա այն։ Իսկ ապագա՞ն, հը՛մ, երեխա եմ, նորից պիտի մեծանամ, հա՛, հա՛, հա՛, քսանուհիգ տարեկան երեխա,