Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/198

Այս էջը հաստատված է

հը՛մ, ասի՛ր,— կրկնեց Քամայլանը, բոլոր ուժով թափահարելով պառավին։

— Իծանիրդ...

— Սուս, սուս, դուրս եկ, գնա, քունս տանում է, դո՛ւրս։

Նա պառավին հրեց սենյակից դուրս և դուռը փակելով, պառկեց երեսի վրա անկողնում։

— Ի՞նչ եմ անում, ի՛նչ եմ անում,— կրկնում էր նա անդադար։ Եվ մի ամբողջ ժամ նա մնաց այդպես պառկած։ Վերջապես, քունը հաղթեց նրան։

Առավոտյան պառավ Քեթևանը, վախվխելով դուռը բաց արավ և մի ոտը սենյակի ներսումը, մյուսը դրսում, հարցրեց.

— Վո՞ւնցիս:

— Գլուխս ցավում է, տաքացրել եմ, դեդի, մի հաքիմ կանչել տուր,— պատասխանեց Քամալյանը, վերմակով ծածկելով իր գունաթափ դեմքը և երեսը շուռ տալով պատին...