Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/20

Այս էջը հաստատված է

ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ

պատմվածք

(Նվեր Րաֆֆիի գրականական գործունեության 25-ամյակին)

I

Հազար ութ հարյուր, վաթսունևութ թվականի գարնան պարզ և գեղեցիկ օրերից մեկն էր, երբ ես Շ. քաղաքում ավարտեցի իմ ուսման ընթացքը հռչակավոր տեր-Վահակի ուսումնարանում։ Այդ օրն ինձ համար այնքան նշանավոր էր, ես ինձ այնքան ուրախ և բախտավոր էի զգում, որ անշուշտ նրա ամեն մի ժամը պիտի տպավորված մնա հիշողությանս մեջ մինչև կյանքիս վերջը։ Չորս տարի շարունակ տեր-Վահակի ձեռքում տանջվելուց հետո, չորս տարի նրա բարբարոսական ֆալախկայի տակ չարչարվելուց հետո, բնական է, որ ինձ անսահման բախտավոր պիտի համարեի այդ օրն, երբ, վերջապես, ազատվել էի անխիղճ տերտերի ձեռքից։ Էլ ինչ երկարացնեմ, ես թևեր չունեի, որ ուրախությունիցս թռչեի, երբ հորս գնած մի ֆունտ թեյն հանձնելով տեր հորն իբր շնորհակալության նշան ինձ տված կրթության համար, վերջին անգամ համբուրեցի նրա կոշտ ու զարհուրելի ձեռը և դուրս թռա ուսումնարանից։

Ես մեր տան հերոսն էի այդ օրը, ոչ ոք իմ եղբայրներից կամ քույրերից իրավունք չուներ որևէ կերպով դիպչել իմ քեֆին։ Ամենքը դեպի ինձ սիրով ու հարգանքով էին վերաբերվում։ Եվ ինչպես կարող էին չհարգել, քանի որ նրանց մեջ ամենակրթվածը և ամենագիտունն ես էի։ Քանի որ ամբողջ ճարտասանությունն և Նարեկը գլխից մինչև վերջն անցել էի։