Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/203

Այս էջը հաստատված է

մորը, որ սա անպատճառ հարսնախոս գնա Ֆաթմայի մոր մոտ։ Պառավ Նուրջըհանը մի անգամ փորձեց Բագիմի մոտ ակնարկություն անել, բայց մի այնպիսի պատասխան ստացավ, որ ստիպվեց այլևս չխոսել այդ մասին։

Ֆաթման գեղեցիկ էր և բավական հարուստ. շատ բեկեր ու հաջիներ կկամենային նրան կին ունենալ։ Բայց, իբրև վճռված բան, խոսում էին Հաջի-Ալեաքպարի մասին։ Հաջին Իմամլու թագի ամենաառաջին մարդն էր։ Իսկ ո՞վ էր Ասադը։— Մի հասարակ արծաթագործ...

Բայց նա չհուսահատվեց։ Հաջի-Ալեաքպարի երեք ահագին քարվանսարաների և մեծ անվան դեմ միայն մի զենք ուներ — իր առնական գեղեցկությունն և քաջասրտությունը։ Եվ նա վճռեց այդ զենքի բոլոր ուժով մրցել Հաջիի հետ։

Մի անգամ Ֆաթման դարձյալ իր քրոջ տանն էր։ Ասադը դարանամուտ եղավ իրենց տան կտրում և այնտեղից աչքունքով սկսեց նետեր արձակել գեղեցկուհու սրտին։ Ֆաթման լսել էր նրա անունը, գիտեր, որ նա գեղեցիկ տղամարդ է, քաջասիրտ է և Սարի-Թորփաղի երիտասարդների պարագլուխը — ջահիլբաշին — է։ Ֆաթման տեսավ Ասադին, ծիծաղեց, կարմրեց և փախավ ու մտավ տուն։

Դա բարեգուշակ նշան էր, Ասադի հույսերն ամրացան։ Բորբոքված սրտով նա շատ անգամ, երբ Ֆաթման երկար միջոց յուր քրոջ տանը չէր երևում, գալիս էր Իմամլու թաղը։ Գալիս էր՝ գեթ հեռվից տեսնելու իր սիրածին, որ գիշերը կարողանա խաղաղ քնել։ Բայց այդ նրան հաջողվում էր ոչ ամեն անգամ, միշտ փողոցը դատարկ չէր լինում և միշտ Ֆաթման — անզգույշ, որ իր գլուխը դռներից դուրս հանի։

Հաջի-Ալեաքպարը Ֆաթմայի և Ասադի այս գաղտնի և առայժմ անմեղ հարաբերությունն իմացավ, մի անգամ էլ ինքն իր աչքով տեսավ Ասադին իրիկնադեմին Ֆաթմայի տան դռների դեմուդեմ։

Նա երդվեց Ասադի հիմար այցելություններին վերջ տալ: Եվ ահա իրիկնային մթան մեջ պատահմամբ երկու ախոյանները կանգնած էին դեմ հանդիման։

— Քե՜աֆր,— արտասանեց Հաջի-Ալեաքպարը, աջ ձեռը տանելով չուխայի տակ դեպի մեջքը։