Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/210

Այս էջը հաստատված է

մնաց կարմիր չուխան։ Իմամլուցիները սրընթալով վազեցին դեպի նա, ամենից առաջ Հեյբաթը, Մեյթին ու Հաշիմը։ Արդյոք, կփաչի՞ կարմիր չուխան, թե՞ կդիմանա միայնակ այդ կատաղած ամբոխին, արդյոք, Հաշիմը կենդանի դուրս կգա՞ այդ կռվից։ Ինչո՞ւ Ֆաթմայի եղբայրն էլ է մասնակցում. եթե նա չլիներ, այն ժամանակ թող բոլոր իմամլուցիները կոտորվեին և մատաղ դառնային կարմիր չուխայի մի մազին։

Մինչ գեղեցիկ Ֆաթման տանջվում էր այս մտքերից, կռիվը սաստկանում էր ու սաստկանում: Սարի-թորփաղցիները, օգնություն ստանալով, հարյուրավոր բազմությամբ վազում էին առաջ։ Հեյբաթը, Մեյթին և Հաշիմը շրջապատեցին կարմիր չուխային։ Ֆաթման ակամա ճչաց, րոպեն վտանգավոր էր։ Նա տեսնում էր, թե ինչպես իր եղբայրը, Հաշիմը փայտի հարվածներ է տալիս կարմիր չուխայավորի գլխին։ Մյուս կողմից խփում էին Հեյբաթն և Մեյթին։ Ֆաթման նկատեց, որ կարմիր չուխան ուշադրություն չի դարձնում Հաշիմի վրա և միայն պատասխանում է մյուս երկու ախոյանների հարվածներին։ Անշուշտ նա խնայում է Հաշիմին։ Ֆաթմայի սիրտը թրթռաց, այսպիսի վեհանձնություն միայն Ասադը կարող է ունենալ, ուրիշ ոչ ոք։

Մեյթիի ձեռից փայտը վայր ընկավ, և նա ինքը փռվեց Ասադի ոտնեիի տակ. նույն վիճակին արժանացավ և՛ Հեյբաթը։ Կեցցե՜ կարմիր չուխան։ Նույն վայրկյանին Ասադի ճակատում փայլեց մի կարմիր գիծ, որ, վայր իջնելով, արագ-արագ ծածկեց նրա ամբողջ երեսն ու կուրծքը։ Դա թռչնորս Ասկյարի քարի հետքն էր։ Ֆաթմայի ոտները թուլացան։ Բայց ահա Ասադը, մի քիչ տատանվելուց հետո, գրպանից հանեց մի սպիտակ բան, փաթաթեց ճակատին և արյունաշաղախ երեսով, ավելի կատաղի զորությամբ թռավ առաջ։

Իմամլուն փախավ։ Ֆաթման բնազդմամբ հետ նայեց. բաղնիսի կտուրը դատարկվել էր, կանայք փախել էին։ Նա մտիկ արեց ներքև, սարի-թորփաղցիները մոտենում էին ու մոտենում։ Ասադի փայտը որին դիպչում էր՝ նա թավալվում էր գետին։ Հանկարծ նա չքացավ։ Ֆաթմայի աչքերը մթնեցին. սպանեցի՞ն, արդյոք, նրան։ Նա բարձր ձայնով օգնություն կանչեց և նստեց կտուրի ծայրում։