Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/214

Այս էջը հաստատված է

խմբով և պատմում էր, թե քաղաքի ստորին կիսի բոլոր անկյունները պտտել է, Ասադի և Ֆաթմայի հետքն էլ չկա:

Հաշիմի խումբը դեռ չէր վերադարձել։ Նրա մայրն ընկավ Հասանի ոտներին, աղերսեց, որ սա յուր խմբով օգնություն հասնի յուր որդուն: Ջահիլներից մի քանիսը, սաստիկ հոգնած լինելով, գնացին քնելու։ Նրանց փոխարեն դուրս եկան ուրիշ կամավորներ, և Հասանը ուղեկիցների մեկուկես անգամ ավելի թվով արշավեց վերին կողմը։

VI

Վաղուց Ասադի գլխում միտք էր ծագել Ֆաթմային փախցնելու, եթե խաղաղ միջոցով ձեռք բերելը չհաջողվեր: Անակնկալ կռիվը խորտակեց նրա վերջին հույսը. նա գիտեր, որ կռվից հետո այլևս անկարելի էր սպասել, որ Ֆաթմայի մայրն ու եղբայրն և մանավանդ Հաջի-Ալեաքպարը որևէ զիջողություն անեն։

Ուրեմն պետք էր դիմել ծայրահեղ միջոցի։ Հենց որ կռիվը սկսվեց, Ասադը թամքեց յուր նժույգն և վերցրեց երկփող հրացանը, ղարաբինա ատրճանակը և դաղստանցի Թեյմուրի շինած «յափունջի կիսող» խանչալը։ Այս բոլորը նա հանձնեց գիժ Բեանդալիին և, մի մանեթ բաշխելով, պատվիրեց, որ հեռվից հեռու հետևե նրան կռվի ժամանակ։

— Եթե հարցնող լինի, ոչինչ չպատասխանես, գիտե՞ս,— հրամայեց նա գիժ Բեանգալիին, որ իսկապես պատասխանելու ընդունակություն էլ չուներ։

Յուր հանդուգն մտադրությունը նա հայտնեց ամենամոտիկ ընկերներին և խնդրեց, որ օգնեն ձեռնարկությանը։

— Ուրախությամբ կյանքներս կտանք,— ասացին հավատարիմ ընկերները, գովելով Ասադի հերոսությունը։

— Դուք միայն կռվի ժամանակ,— պատվիրեց Ասադը,— աչք գցեցեք կտուրներին և Ֆաթմային ցույց տվեք ինձ։ Մնացյալն իմ գործն է։ Դուք խոմ ճանաչո՞ւմ եք, տեսել եք նրան քրոջ տունը գալիս։ Նա անպատճառ դրսում կլինի...

Այս պայմանագրությունից հետո Ասադը թռավ կռվի ասպարեզը