Ֆաթման փոքր առ փոքր հանգստացավ և սկսեց անխոս մնալ։ Իսկապես նրա հուսահատ աղաղակները կիսով չափ արվեստական էին։ Նա հոգով ուրախ էր կատարված անցքին նրա երևակայությունը վաղուց ստեղծել էր մի այդպիսի հերոսություն Ասադի կողմից, և նա ցանկանում էր իրագործված տեսնել յուր երևակայածը։ Միայն ծերունի այգեպանի նևրկայությունը դրդեց նրան մի փոքր աղմուկ բարձրացնել, որպեսզի պատկառելի քեալբլահին չկարծե, թե երիտասարդ մուսուլմանուհին զուրկ է ամոթխածությունից։
Այսպես է Շիրվանի թրքուհու բնավորությունը։
Այգեպանը նրանց համար ընթրիք պատրաստեց,— հաց, պանիր, վարունգ և կանաչեղեն։ Ամբողջ օրը թե՛ Ֆաթման և թե՛ Ասադը անոթի էին անցուցել, ուստի այգեպանի համեստ իրիկնահացը նրանց համար Օրուջ-բայրամի «կաթնով փլավից» համեղ էր։
Փոքրիկ խրճիթը լուսավորված էր հնադարյան չրաղի (ճրագի) աղոտ լուսով։ Ծերունի քեալբլահին աշխատում էր յուր հյուրերին զվարճացնել, պատմելով օրվա եղելությանը համանման դեպքեր յուր կյանքից։ Ասադը սփրթնած էր։ Գլխի վերքը սաստիկ ցավ էր պատճառում, բայց նա աշխատում էր զսպել իրան, թեև մեծ դժվարությամբ։
— Տղա՛, ինչո՞ւ շրթունքներդ դողդողում են,— հարցրեց այգեպանը,— չլինի վերքդ նեղացնում է քեզ։ Սպասի՛ր, սպասի՛ր, թաշկինակի տակից արյուն է հոսում։ Պետք է դեղ դնել, որ դադարի։
Այս ասելով, ծերունին իսկույն յուր հնամաշ արխալուղի աստառից մի կտոր պատռեց, վառեց ճրագի բոցի վրա և ձգեց գետնին։ Երբ կտորը բոլորովին այրվեց, նա սև մուրը հավաքեց, ստիպեց Ասադին բաց անել ճակատն և մուրը թաշկինակով կապեց վերքի վրա։
Արյունն արդարև դադարեց։
Այս գործողության ժամանակ Ֆաթման օգնում էր ծերունուն, անդադար պտտվելով վիրավորյալի շուրջը։
— Այժմ քնիր,— ասաց այգեպանը հայրական խնամքով,— ինչ վերաբերում է ապագային — վաղը կմտածենք: