սկսեց զառանցել։ Ահա Ֆաթման, գլխաբաց, ոտաբաց, ձի է նստում, Ասադին ես հրամայում է նստե; Նրանք արշավում են հեռու ու հեռու, անծանոթ տեղեր։ Մի ամայի դաշտում, գետնից երկայն և ձյունի պես ճերմակ միրուքով մի մարդ է դուրս գալիս, մոտենում է, յուր ձեռում բռնած մի կարճ, սև փայտով խփում է նրանց ուսին։ Ֆաթման և Ասադը մի ակնթարթում տեղափոխվում են մի փառաշեն տուն։ Այստեղ սկսվում է նրանց հարսանիքը։ Հյուրերը զվարճանում են, երաժիշտները նվագում են, պարիչները պարում են, ծառաները շարբաթ են բաժանում։
Այդ միջոցին ներս է մտնում մի ոստիկան, հետո երկրորդը, և բոլորը բարեկամ հյուրերը դառնում են թշնամի իմամլուցիներ։ Ֆաթմային հափշտակում են, Ասադի ոտներն ու ձեռները կապում են, երեսը դեպի հետ դնում են մի ավանակի վրա և երեսին մուր քսում։ Նրան տանում են Իմամլու։ Թշնամիները, շրջապատելով, քարեր են արձակում նրա վրա, ծաղրում են, շվացնում, թքում են երեսին։ Մոտենում է Ֆաթմայի եղբայր Հաշիմը, հետո գդակ կարող Մեյթին և մի քանի ապտակ են տալիս։ Օհ, սարսափելի անպատվություն, ա՛խ, եթե նրա ձեռները բաց լինեին, բոլորի պատասխանը կտար։ Բայց ահա ոստիկանապետը խփում է նրա ուսին մտրակով, խփում է մեկ, երկու, երեք անգամ...
Ասադն աչքերը բաց է անում...
VII
Խրճիթը տակավին մութն է, բայց դռներից երևում է, որ արևելքը շառագունել է։ Ծանրացած գլուխը մի կերպ բարձրացնելով, Ասադն իր դեմուդեմ տեսնում է մի մարդ։
— Ո՞վ ես դու,— հարցնում է նա։
— Շտապի՛ր, տղա, վե՛ր կաց, գալիս են,— պատասխանում է մի ծանոթ ձայն։
Ասադը ոտքի է թռչում հրացանը ձեռին, վազում է խրճիթի մյուս անկյունը և տեսնում է, որ Ֆաթման դեռ քնած է։
— Ո՞Վ է գալիս,— հարցնում է նա։