տարածելով կապտագույն սփռոցը, ծածկեց նրան զանազան տեսակ համեստ, էժանագին, բայց համեղ ուտելիքներով և մրգեղեններով։ Հայրս սպասում էր հյուրերին, իսկ ես անհամբերութենից քիչ էր մնում, որ տրաքեի: Այդ օրն ուրախութենիցս շատ դեսուդեն վազվզելով, հոգնել էի և սաստիկ քաղցել: Ես գայլի ախորժակով սպասում էի այն րոպեին, երբ պիտի ձեռքս հասցնեի իմ սիրած կերակրին։
Վերջապես, հյուրերն եկան և ամենքը, առանց երկարացնելու, ծալապատիկ շարվեցին փափուկ մինդարների վրա, սեղանի շուրջը: Հայրս ինձ հրամայեց ոտքի վրա ծառայություններ անել։
Նշանավոր էր այդ օրը։ Ես այն ժամանակից մինչև այսօր էլ չեմ մտաբերում իմ կյանքում մի այնպիսի զվարճալի օր, չնայելով, որ այժմ բազմապատիկ բախտավոր հանգամանքներում եմ ապրում։ Հյուրերը մի-մի բաժակ оղիով շնորհավորեցին հորս, իսկ ինձ օրհնեցին հազար տեսակ օրհնանքներով։ Մի քանիսը նրանցից, ինձ շատ խրատներ տվեցին իմ ապագա կյանքի խելոքությամբ և խոհեմությամբ ապրելու մասին։ Ես այդ խրատներից միայն մեկն եմ հիշում. նա ինձ վրա խիստ խորը տպավորություն արավ, և ես երբեք չեմ մոռանա այդ խրատը։ Նա մինչև այսօր եղել է իմ կյանքի ղեկավարը, նույնը պիտի մնա և մինչև իմ մահը: Խրատողը մեր հարևան մանրավաճառ Թորոսն էր, մի, ինչպես պատմում էին, խելոք մարդ։
— Ո՛ւր որ լինիս, ինչ գործի որ կպչես,— ասաց նա,— աշխատիր քեզանից մեծերի հավատարմությունը գրավել դեպի քեզ խոնարհությամբ, լռությամբ: Առաջին քո հոգսն լինի մեծերիդ աչքում սիրելի դառնալ, փաղաքշելով, կեղծավորելով, շողոքորթելով։ Չթույլ տաս, որ քեղ խաբեն, բայց աշխատիր, որ ամեն ժամանակ ինքդ ուրիշներին խաբես քո խելքով։ Այնտեղ, ուր տեսնես, թե մի կոպեկի անգամ շահ ունիս, ամեն միջոց գործ դիր այդ շահը չկորցնելու։ Վնաս չունի, հարկավոր եղած ժամանակ սուտ էլ ասա, միայն թե մեջտեղ շահ ունենաս։ Վերջապես, միշտ մտաբերիր Քրիստոսի պատվերը. «Եղեք խորամանկ, ինչպես օձ, իսկ միամիտ՝ ինչպես աղավնի»։
Այս խրատը խիստ երկար ու բարակ էր, զարդարված