Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/222

Այս էջը հաստատված է

տվեց ակամա խղճահարության։ Նա, որ մի րոպե առաջ պատրաստ էր ամենայն սառնությամբ մահաբեր գնդակն ուղղել հանդուգն առևանգողի կրծքին, այժմ երեսը ետ դարձրած, երկմտության մեջ լուռ նայում էր յուր ընկերակիցների երեսին։

Ինքը, զոհ համարվածը ներում է հանցավորին, և հանցավորն այնքան վեհանձն է, այնքան անվեհեր, որ պատրաստ է մինչև վերջին շունչ պաշտպանել իր փախցրած աղջկան։ Ուրեմն տմարդություն չի՞ լինիլ, արդյոք, ձեռք բարձրացնել մի այդպիսի երիտասարդի վրա և սպանել նրան յուր սիրեցյալի աչքի առջև։ Այս էր արտահայտում Հաշիմի դեմքը։ Եվ լուռ ակնարկություններ հասկացող շիրվանցիները, իսկույն գուշակելով նրա միտքը, մտիկ արեցին միմյանց երեսին։

Շիլ Նուրուլլան առաջինը վստահացավ հայտնել ամբոխի լուռ վճիռը։ Նա քաշեց ձին և բարձրաձայն արտասանեց.

— Հաշի՛մ, նամուսդ մի՛ մոռանար։

Իմամլուցիների մեջ բարձրացավ մի խուլ աղմուկ։ Նրանք վրդովված էին Հաշիմի մեղմանալուց։ Ի՞նչպես կարելի է ներել մի հանդուգն թշնամու, մի մարդու, որ անպատվել է ամբողջ Իմամչուի անունը, փախցնելով թաղի ամենագեղեցիկ աղջիկներից մեկին։ Ի՞նչ կասեն իմամլուցիները, ի՞նչ կասեն ուրիշ թաղեցիները։— Ո՛չ, ո՛չ, երբեք չի կարելի գործը հաշտությամբ վերջացնել: Միթե այս նպատակո՞վ են իմամլուցիները երեկ ամբողջ օրը կռվել, մի՞թե դրա համար են քսան մարդ ամբողջ գիշերն անքուն թափառել քաղաքի շրջակայքում։ Պետք է թշնամուն պատժել, պետք է վրեժ հանել, առանց արյունի անկարելի է Իմամլուի պատիվը վերականգնել։

— Արյո՛ւն, արյո՛ւն,— գոռացին բոլոր կիսավայրենիները միաբերան։

Հաշիմը հասկացավ այդ կատաղի ամբոխի տրամադրությունը: Նա զգաց, որ եթե Ասադին ինքը ների, մյուսները չեն ներիլ, չեն ներիլ գուցե և իրան։ Բայց ինչպես հեռացնի Ասադից Ֆաթմային, որ միանգամայն կպել է նրան անբաժան, այնպես որ թշնամուն ուղղած ամեն մի հարված նախ կարող է նրան հասնել։