Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/223

Այս էջը հաստատված է

Մինչ նա այս րոպեական տատանման մեջ էր, իմամլուցիներից երեք հոգի աննկատելի կերպով բաժանվեցին խմբից և, ծառերի տակ թաքնվելով, շրջան տալով, հետևի կողմից մոտեցան Ասադին:

Այդ նկատեց այգեպանն և, յուր ժանգոտած խանչալը հանելով, կանգնեց վերջինի հետևում, վճռելով պաշտպանել նրան յուր կյանքի գնով:

Այնինչ Ասադն աշխատում էր ասպարեզից անվնաս հեռացնել Ֆաթմային, որ ինքը միայն կռվի թշնամիների հետ։

Ծերունու և երեք իմամլուցիների մեջ կռիվ բացվեց։ Ասադն երեսը հետ դարձրեց և իսկույն հրացանը արձակեց։ Լսվեց մի արաբական հիշոց, և Հաջի-Ալեաքպարի սև խափշիկներից մեկը, աջ ձեռով ծունկը բռնած, գռռալով նստեց գետնի վրա։ Ասադն արձակեց երկրորդ անգամ, բայց — անօգուտ։

Նույն վայրկյանին նա յուր մեջքի վրա զգաց մի սաստիկ սառնություն, որ թափանցեց ներս։ Նա ամբողջ մարմնով գոռաց, ակամա գոռաց և ընկավ ուղիղ Ֆաթմայի ոտների տակ։

— Ալլա՜հ, ալլա՜հ,— լսվեց նրա խոզ ձայնը, և նրա աչքերի բիբերը, տարօրինակ կերպով պտտելով շրջանակների մեջ, դարձան Ֆաթմայի վրա։

Այսքանը միայն կարողացավ լսել և տեսնել խեղճ աղջիկը, ուրիշ՝ Ասադը ոչինչ չասաց և ոչ մի շարժում չարավ։

Երբ իմամլուցիները, վայրենի կերպով գոռալով, առաջ վազեցին, որ իրենց վրիժառության արդյունքը մոտիկից տեսնեն, երբ Հաշիմը մոտեցավ յուր քրոջը վերցնելու, Ֆաթման ընկած էր Ասադի վրա և դառն ողբում էր...

1889 թ., Թիֆլիս.