Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/224

Այս էջը հաստատված է

ՏԱՍՆՈՒՀԻՆԳ ՏԱՐԻ ԱՆՑԱԾ

Պատմվածք

— Դատավորները գալիս են...

Ամբոխը միահամուռ ոտքի կանգնեց, խուլ շշնջյուններն ընդհատվեցին, ծայրե ի ծայր լիքը դահլիճում թագավորեց լռություն։

Պահապան զինվորներն ավելի մոտիկացան վանդակապատին, որի հետևում կանգնած էր օրվա տխուր հերոսը։ Նրա ոտներն ու ձեռները շղթայած էին։ Նա դեռ պատանեկական հասակումն էր, բարակ, նորաբույս ընչացքը հազիվհազ ծածկում էր նրա ստորին շուրթը. նա գեղեցիկ էր, թուխ աչքերով, փոքրիկ ձեռներով և բավական նուրբ կազմվածքով։ Նրա երեսի գծագրությունը չէր արտահայտում եղեռնագործի հոգի։

Առաջ ներս մտավ նախագահը, հետո քննիչ անդամները, հետո դատախազը, հետո քարտուղարները։ Նրանց դեմքերը սառն էին, անտարբեր և, միևնույն ժամանակ, ահարկու հարյուրավոր ամբոխի համար։

Հանցավորն յուր հայացքն հառեց դեպի այն կողմ և մի րոպե չանցած լսվեց նախագահի անհողդողդ ձայնը.

— Բավի նահանգական դատարանի քրեական բաժինը Գրիգոր Խանզադյանցին, մեղադրելով Սեյիդ-Ազիմի որդի Ղուրբան Ալիի սպանության համար, դատապարտեց...

Հանցավորը մի ցնցումն գործեց. նրա ձեռների շղթան մի թեթև շաչյուն արձակեց։ Ամբոխը, ինչպես մի անձնավորություն, զսպեց յուր շնչառությունը։