Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/225

Այս էջը հաստատված է

- Դատապարտեց՝ զրկել բոլոր անհատական և ստացական իրավունքներից, ենթարկել տաժանակիր աշխատանքի Տոմսկի նահանգի գավառներից մեկում տասնուերկու տարի ժամանակով, այնուհետև հավիտենական բնակության Ռոսիայի հեռավոր նահանգներում։

Մինչ թարգմանն այս խոսքերր կրկնում էր հանցավորին, դահլիճի մի անկյունից լսվեց կանացի մի սուր ճիչ։

Հանցավորը ոչինչ չպատասխանեց նախագահի հարցին, թե, արդյոք, գոհ է այդ վճռով։ Պահապանները բաց արին վանդակապատը, և նա թուլացած, սփրթնած ցած իջավ սանդուղքով։ Նրա դողդոջուն ոտը դահլիճի հատակին չհասած. կականելով առաջ վազեց և նրա պարանոցին փաթաթվեվ ասիական հագուստով մի կին։

Դա դատապարտվածի հարազատ մայրն էր, որ յուր թևերի տակ գգվելով սնել ու մեծացրել էր նրան տասնուինը տարի, մինչև այն ժամանակ, երբ որդին բոլորովին անձնատուր եղավ կյանքի մոլություններին։ Եվ երկու տարի չանցած երկրորդ տարփածուն ձգեց նրան փորձության մեջ։

Ո՛չ ամբոխի խնդիրքը, ո՛չ ոստիկանների խոսքը, ո՛չ սվինների սպառնալիքը չկարողացան մորը բաժանել յուր անդրանիկ որդուց։ Նա խղճալի էր, բայց շատերն ավելի խղճում էին երիտասարդ դատապարտվածին։ Ո՞վ չէր ճանաչում նրան N քաղաքում, ո՞ր մայրը չէր նախանձել նրա մորը, ո՞ր աղջիկը տասն անգամ չէր դիտել նրան դռների հետևից, ասիական համեստության և ամոթխածության թանձր քողի — շալի տակից, երբ սիրուն տղան անցնում էր փողոցով, գլուխը բարձր պահած, գդակը անփույթ կերպով ձախ ականջի կողմը թեքած, կուրծքը դուրս ցցած, ճակատը բաց, դեմքը հանդուգն, կրակոտ։ Եվ նա, շատերի նախանձի այդ առարկան, հանկարծ զոհ դարձավ յուր մոլի կրքերին, հասարակական ստոր խավի։ Ծնունդ մի անառակ թրքուհու ոտքի տակ դնելով ծնողների նամուսը և յուր ծաղիկ կյանքը։

Երբ Անթառամն ուշքի եկավ, յուր շուրջը կանգնած տեսավ միայն մերձավոր ազգականներին։ Նա անզգայաբար թույլ տվեց, որ իրան կառք նստեցնեն և տանեն։ Նա կգնա դատավորների մոտ, կաղերսի, որ վճիռը փոխեն, եթե չեղավ՝