Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/226

Այս էջը հաստատված է

նա կդիմի ավելի բարձր դատավորներին։ Նա մինչև անգամ ոտաբաց կգնա թագավոր կայսեր մոտ, կընկնի նրա ոտներին։ Նա Բարի է, նա չի թույլ տալ, որ մի մայր զրկվի իր որդուց և այն էլ ինչ որդուց...

— Տասներկու տարի, տասներկու տարի, անխի՜ղճ մարդիկ...

Մարտ ամսի վերջն էր։ Վոլգա գետի ստորին մասերի սառույցն արդեն կոտրվել էր և Բաքվի ու Ռուսիայի մեջ նավագնացությունը սկսվել։

Եղանակը բավական ցուրտ էր. մանր, փոշիանման անձրև էր գալիս, ծովը խաղաղ էր, միայն նրա հեռավոր հորիզոնրը ծածկված էր մոխրագույն թանձր մշուշով։ Փորձառու մարդիկ հավատացնում էին, թե խորքում, ափերից շատ հեռու փոթորիկ կա։ Իսկ «Կասպի» շոգենավի հանդուգն նավապետն արհամարհում էր թե բնության սպառնալիքն և թե մարդկանց խորհուրդները։

— Շտապեցե՛ք,— հրամայում էր նա անվրդով ձայնով նավաստիներին,— կես ժամից հետո պիտի խարիսխը հանենք։ Բոլոր ապրանքները բարձվա՞ծ են։

— Բարձված են։

— Որտե՞ղ են ճանապարհորդները։

Նավապետը վերջին բառն արտասանեց հեգնական եղանակով։

— Ահա՛...

Նավահանգստի ծայրում հավաքված էր միատեսակ մոխրագույն կապույտ վերարկուներ հագած աքսորականների խումբը, թվով տասը հոգի, շրջապատված կրկնապատիկ զինվորներով։ Հացի կապոցները ձեռներին բռնած, թշվառները մռայլ ու խոժոռ հայացքով նայում էին ջրի անհուն տարածությանը, որ այն օրվանից առմիշտ պիտի անջատեր նրանց հայրենիքից։ Նրանք բոլորն օտար քաղաքներից էին բերված։ Չկար մեկը, որ արտասուքով կամ գեթ ցավակցական հառաչանքներով