Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/229

Այս էջը հաստատված է

նա յուր հնգամսյա ճանապարհորդության ընթացքում։ Վերջապես, նրանց բերել են աքսորատեղին: Դա մի փոքրիկ ավան է քաղաքից հեռու։ Այստեղ կան արքունական հանքեր և մի գործարան, ուր բոլոր աշխատավորներն աքսորականներ են։ Ահա այս հանքերում և գործարանում պիտի աշխատի և Գրիգորը, ինչպես մի բեռնակիր մշակ, միշտ և անդադար, ամբողջ ցերեկը, ստորերկրյա մթին և խոնավ հանքերում, առանց իրավունքի գործարանի շրջապատից դուրս ոտք դնելու։

Տասն անգամ Անթառամն յուր երկրորդ որդուն ստիպեց այդ նամակը կարդալ։ Նա այն օրն, ինչպես ասում էր ինքը, թաղում էր յուր որդուն։ Նա հրավիրել էր բոլոր մոտիկ ազգականուհիներին, որ յուր ցավին ցավակից լինեն: Եվ այդ կանայք փոխանակ մխիթարելու, ավելի գրգռում էին նրա վիշտն իրենց կեղծ և անկեղծ հառաչանքներով, իրենց կարեկցական դարձվածքներով։ Նամանավանդ կեղեքվում էր նրա սիրտը, երբ այդ կանանցից յուրաքանչյուրը հիշեցնում էր Գրիգորի սիրուն կերպարանքը, հարավային բորբոքուն երևակայությամբ նկարագրելով նրան կրկնակի գեղեցիկ գույներով։

Հետագա ձմեռը ստացվեց երկրորդ նամակը։ Այս անգամ Գրիգորը մռայլ նկարագրություններ չէր անում։ Երևում էր, որ նա արդեն սկսել է ընտելանալ աքսորականի վիճակին, մխիթարում էր յուր մորը, հիշեցնում էր, թե Սիբիրն էլ մի մարդաբնակ աշխարհ է, թե այնտեղ էլ մարդիկ են ապրում և այլն, և այլն։ Եվ յուր դրությունն ավելի թեթև ցույց տալու համար դիմում էր համեմատական նկարագրությունների յուր բախտակիցների կյանքից։ Մասնավորապես նա գրում էր մի նախկին հայ պաշտոնյայի մասին, որ աքսորված էր քսան տարով իբր թե կաշառակերության և եղեռնագործներին, գողերին ու ավազակներին գաղտնի աջակցելու համար: Թե ի՞նչ է եղել այդ մարդն առաջ, աստված գիտե, բայց յոթ տարի աքսորականի կյանքի դառնությունները ճաշակելուց հետո, նա շատ մեղմ, բարեսիրտ և խեղճ մարդ է դարձել։

— Այսպիսիներին տեսնելիս սիրտս մխիթարվում է,— ավելացնում էր Գիիգորն յուր նամակում։