Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/230

Այս էջը հաստատված է

Տարին անցնում էր տարու հետևից, ժամանակն Անթառամին ևս ընտելացնում էր յուր վիճակին, հարկավ, արտասունքն և լացը նրա կյանքի անհրաժեշտ պահանջը դարձնելով։ Ամեն անգամ, որ նա հիշում էր (և ե՞րբ չէր հիշում) այն րոպեն, երբ որդու կարմիր թաշկինակը սավառնեց օդում, նրա կրծքից դուրս էր հնչում ծանր հոգոց, և աղի կաթիլները ողողում էին նրա նիհարած այտերը։ Բայց այդ լոկ մի դառն երազ էր համեմատությամբ այն պատկերի, որ միշտ կանգնած էր Անթառամի աչքի առջև, որ միշտ հալածում էր նրան։

Ահա նա, ուրախ, անհոգ դեմքով, բաց ճակատով, երիտասարդական հրով վառված աչքերով։ Որքան ուրախացնում էր Անթառամին որդու այդ կերպարանքը, որքան հպարտանում էր և զմայլվում, տեսնելով նրան ընկերների շրջանում բոլորից սիրուն, բոլորից կայտառ, բոլորից աշխույժ։ Այո, ամբողջ թաղի մեջ չկար մի ուրիշը նրա նման։ Եվ այդ լոկ մայրական երևակայության արգասիք չէր, այլ մասամբ և իսկություն։ Քանի-քանի ազգական կանայք ստիպել են Անթառամին՝ թալիսմաններ կապել Գրիգորի վզին, որ նա զերծ մնա չար աչք դիպչելուց։ Չօգնեցի՜ն նրան այդ թալիսմանները։

Արդյոք նո՞ւյնն է մնացել Գիիգորը Սիբիրում, թե՞ փոխվել է. չէ՞ որ անցել է յոթը տարի նրա աքսորվելուց։ Սակայն Անթառամի երևակայությունը կենդանի պատկերացնում էր քսանուինը — երեսուն տարեկան Գրիգորին այնպես, ինչ-պես նա տեսել էր առաջ և ինչպես անջնջելի դրոշմվել էր նրա հիշողության մեջ — տակավին պատանի, թարմ, քսանումեկ տարեկան Գրիգորին։ Ցերեկն երևակայությամբ, գիշերն երազում, միշտ և անդադար այդ պատկերը կանգնած էր նրա աչքերի առջև։

Յոթ տարի անցավ, ուրեմն մնում է հինգ տարի։ Անթառամը համբերություն կունենա հինգ տարի ևս կրել յուր վիշտը։ Նա օրեր և գիշերներ էր հաշվում, թե երբ պիտի լրանա որոշված ժամանակն և երբ հիշում էր, որ տաժանակիր աշխատությունից ազատվելուց հետո ևս Գրիգորը չի կարող վերադառնալ