Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/231

Այս էջը հաստատված է

հայրենիք, գլուխը թեքում էր կրծքին և անշարժ մնում:

Որդին աքսորվելուց հետո նա մի առժամանակ աստծուց երես էր դարձրել, համոզված, որ նա անարդար վարվեց յուր հետ: Բայց կարո՞ղ էր նա երկար միջոց անհաշտ մնալ նրա հետ, որ մխիթարության և սփոփանքի անսպառելի աղբյուր է ամենայն տեսակ թշվառների համար: Եվ ահա նա դարձյալ ամեն երեկոյան գնում էր եկեղեցու սյուներից մեկի հետևում, ձեռները բարձրացնում էր վերև, աչքերը հառում էր աստվածամոր պատկերին և երկար, երկար ժամանակ անշարժ մնում միևնույն դրության մեջ: Հանուն մայրական սիրո, նա աղերսում էր աստվածամորը միջնորդ լինել, որ աստված նրան մի օր արժանացնի յուր որդու տեսությանը:

— Չմեռնեմ, մի անգամ էլ տեսնեմ նրան,— կրկնում էր նա բյուր անդամ կրկնած միևնույն դարձվածը։

Այսպես անցկացրեց Անթառամը տասներկու տարի, միշտ հուսալով, թե պետք է արժանանա որդու տեսությանն և միշտ ապրելով միմիայն այս հույսով։

Վերջապես, նա ստացավ վաղուց սպասած լուրը։ Երջանիկ օր, о՜ր, երբ տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ երևեցավ ուրախության ժպիտ Անթառամի թառամած դեմքի վրա։ Գրիգորն ազատվել է տաժանակիր աշխատանքից, ազատվել է առավոտից մինչև երեկո մթին և խոնավ ստորերկրում աշխատելուց, ազատվել է եղեռնագործների, գողերի, ավազակների և կոպիտ զինվորականների հասարակությունից, նրանց հետ մի բնակարանում ապրելուց, մի ամանից ուտելուց, մի ամանից խմելուց, մի խոսքով, աքսորականի կապանքներից։

Իսկ ա՞յժմ...

Ահա ինչ էր ավելացնում Գրիգորն յուր նամակի վերջում։

(«Հենց որ ժամանակս վերջացավ, կամանդիրը թուղթ տվեց։ Ազատվեցի անիծված դժոխքից, եկա քաղաք։ Հաց չունեի, շոր չունեի, համարյա տկլոր էի, ասացի ինչ անեմ։