Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/233

Այս էջը հաստատված է

Մի ամառային օր, իրիկնադեմին, Անթառամը նստած գավթում քառասունուերկու սևացած ու շորացած սիսեռների վրա գուշակում էր ապագան։ Հանկարծ շնչասպառ ներս վազեց նրա երկրորդ որդին, Միխակը, և ուրախ-ուրախ գոչեց.

— Ի՞նչ կտաս, որ ասեմ...

Անթառամը, չնայելով իր ծերությանը, աշխուժությամբ թռավ ոտքի, խլեց որդուց նամակը, որ սա բռնած ուներ յուր ձեռքում։ Նա մոռացավ, որ ինքը կարդալ չգիտե։

— Շո՛ւտ արա, հոգիս մի հանիր, կարդա,— գոչեց նա, նամակը վերադարձնելով որդուն։

Կարդաց։ Նամակը գրված էր Գրիգորի տիրոջ կողմից։ Սա հայտնում էր, թե Գրիգորն արդեն ազատություն է ստացել և իսկույն ուղարկվել հայրենիք և թե շուտով, երևի տեղ կհասնի։

Ճի՞շտ է, արդյոք: Միգուցե գրողը մի չար թշնամի է, որ կամեցել է դառն կատակ անել, միգուցե «ազատություն» բառը մի այլ, խորհրդավոր նշանակությամբ է գործածված նամակի մեջ։

Բայց աստված լսել էր Անթառամի աղերսանքը. նա չպիտի մեռներ, մինչև որ տեսներ յուր որդուն։ Չանցավ նամակ ստանալու օրից մի շաբաթ, Միխակը մի օր դարձյալ տուն վազեց շնչասպառ և այս անգամ ձեռքումը մի հեռագիր... Գրիգորից։ Համառոտ խոսքերով նա հայտնում էր, թե հասել է N... նահանգական քաղաքը և ամենաշատը մի ամսից հետո կլինի իր ծննդավայրում։

— Մի ամիս, մի ամիս չմեռնեմ ու տեսնեմ, չմեռնեմ ու տեսնեմ...

Այս խոսքերը կրկնելով, Անթառամն այն գիշերը համարյա մինչև լույս չկարողացավ քնել, այնքան նա հուզված էր ուրախությունից։ Ի՞նչպես. մի թե արդարև տասնուհինգ տա րուց հետո նա կրկին պիտի գտնե յուր մեռած ու կորած որդուն։