Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/235

Այս էջը հաստատված է

Հանկարծ նա ուժգին ցնցվեց, վեր ցատկեց տեղից և սկսեց ականջ դնել: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ զանգակների թույլ հնչյուն, հետո ոչինչ չի լսում և սփրում է դարձյալ միևնույն լռությունը շրջակայքում: Բայց ոչ, եթե նրա ուղեղը խանգարված չէ, եթե նրա ուղեղւ չի խաբում, արդարև լսվում է փոստային կառքի զանգակների ձայն և լսվում է հետզհետե ավելի պարզ ու որոշ։ Ահա այն, վերջապես, բոլորովին մոտեցավ և, կարծես, հնչում է պատուհանի տակ։ Հանկարծ զանգակների ձայնին խառնվեց կառքի անիվների դղրդյունը. խուլ փողոցն աղմկվեց մի քանի վայրկյան և ամեն ինչ դարձյալ լռեց...

Անթառամի ոտները ներքին հուզմունքից սկսեցին դողալ։ Նա վազեց դուրս, որքան կարող էր շտապով ցած եկավ փոքրիկ սանդուղքով, ձեռներով ծնկները բռնած։ Գավթի մեջտեղում կանգնած էր մի անծանոթ մարդ և կասկածանքով նայում էր դեսուդեն...

Այդ մարդը հագած էր սևագույն և կոպիտ մահուդից ռուսական ձևով կարած կապայի նման մի կարճ բան։ Հասարակ զինվորականի կոշիկներ երկայն անկարուրդով և կոշտ կտավից կարած լայն վարտիք: Նա գլխին գրած էր սպիտակ ոչխարենուց կարած բոլորակ գդակ, որի բավական երկայն մազերը ծածկել էին նրա ճակատն ամբողջովին։

Այդ մարդը նիհար էր, կուրծքը ճնշված, ներս ընկած, մեջքը կորացած, մի ուսը մյուսից նկատելի կերպով բարձր, երեսը խորշոմած, միրուքը գզգզված, աչքերը խորն ընկած, այտերը, ծնոտը և կոկորդի ոսկորը նիհարությունից դուրս ցցված։ նրա ձեռները ոսկրոտ էին, կոշտ ու պինդ, ինչպես որմնադրի կամ տարին տասներկու ամիս քար կրող մշակի ձեռները, կապույտ ջղերը որոշ գծավորված երկաթագույն և կուշկուչված կաշվի տակից, մատների հոդերը դուրս ցցված, այնպես որ հիշեցնում էին մոխրախառն կրակի մեջ խորոված շագանակներ։