Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/238

Այս էջը հաստատված է

որ տասնուհինգ տարի շարունակ վառ պահել է նրա երևակայությունը, որ ձուլվել ու միացել է նրա հոգու հետ, որ գիշերը խլել է նրա քունը, ցերեկը՝ հանգստությունը։ Եվ հանկարծ այդ մյուսը, այդ ավազականման տգեղ, այլակերպ անծանոթը հանդգնում է...

Դա մի օդերևույթ է...

— Եթե իմանայի, որ մայրս էլ է ինձ մոռացել, Սիբիրը ինձ համար ավելի լավ կլիներ...

Բնական և խորին թախծությամբ արտասանված պարզ բողոքը հանկարծ սթափեցրեց մոլորված կնոջը։ Քողն ընկավ նրա աչքերից. խաբուսիկ պատկերը չքացավ, դառն իրականությունն ամենայն մերկությամբ երևան եկավ մինչև աչդ վայրկյան ցնորք համարված այլանդակ էակի կերպարանքով։

Նա ճանաչեց յուր որդուն, ճանաչեց նրա ձայնը, նրա աչքերը։ Նրա ոտները թուլացան. հարվածն անսպասելի էր և սաստիկ։ Նրա գլուխը պտտեց, աչքերը մթնեցին, գուցե նա տեղն ու տեղը գետին ընկներ, եթե որդու նիհար, ոսկրոտ ձեռները նույն վայրկյանին չգրկեին նրան։

Այս ամբողջ տեսարանը կատարվեց մի քանի վայրկյանում միայն։

Երբ որդին աջ կուռը վերցրեց մոր ուսից, նրա կապայի թևը մի փոքր ետ քաշվեց։ Երևեցավ նրա բազուկը, որի վրա երկաթե կապանքը անջնջելի կերպով դրոշմել էր յուր կոշտ հետքը սև և լայն ապարանջանի ձևով։

— Հիմա ճանաչո՞ւմ ես,— ասաց նա, պարզելով յուր բազուկը Անթառամի աչքի առջև։

Այդ բազուկի վրա կար ծննդյան մի մեծ և բոլորակ խալ։

Անթառամը բաց թողեց որդուն յուր գրկից, նայեց նրա ոտից մինչև գլուխ աղճատված կերպարանքին, ձեռները բարձրացրեց վեր և, յուր ալեզարդ գլխին մի ուժգին հարված տալով, գոչեց դառն ձայնով.

— Երանի մեռնեի և քեզ չտեսնեի...