ապահովում մարդուն, մինչև անգամ բթացնում էլ է նրան։ Ինչի՞ է նմանում արհեստավորը մի հասարակության կամ հանդեսի մեջ, հը՜ը... դարմանով լցրած տոպրակի։ Նա ոչ կանոնավոր կերպով խոսել գիտե, ոչ էլ յուր անձը մաքուր պահել։ Արհեստը մարդուս չի կրթում, այլ մի տեսակ կենդանի է դարձնում։
Այդ կծու նկատողությունը արհեստի վերաբերությամբ մանրավաճառ Թորոսը, կարծես, հենց դիտմամբ էր անում, որ խեղճ դարբնին վիրավորի։ Դարբինը խիստ ամոթխած մարդ էր։ Լսելով այդ կոշտ խոսքերը, կարմրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել։
Երևում էր, որ ինքն ևս զգում էր յուր ոչնչությունը հպարտ հակառակորդի առաջ։
Հայրս երկար վիճաբանությանը վերջ դնելու և հարցը միանգամից վճռելու համար հարցրեց.
— Այժմ, պարոններ, ասացեք, ինչ խորհուրդ եք տալիս Խաչիի համար, ինչ պարապմունքի տամ նրան, որ մարդ դառնա։
— Վաճառականության,— պատասխանեց ամենից առաջ մանրավաճառ Թորոսը։
— Բայց վաճառականության համար ախար փող է հարկավոր, իսկ ես, ինչպես գիտեք, աղքատ մարդ եմ։
— Տուր նրան մի հարուստ վաճառականի խանութ գործակատարի պաշտոնով, նա այնտեղ առևտուրը քիչ թե շատ սովորելուց հետո, ինքը կարող է վերջ ի վերջո սովորել փող ձեռք բերելու հնարը և ժամանակով վաճառական դառնալ։ Միայն հարկավոր է համբերություն ունենալ, ուրիշ ոչինչ...
— Այդ ինչպե՞ս կարելի է, էլի ես չեմ հասկանում, թե դատարկ ձեռքով մարդ ի՞նչ կարող է անել,— հետաքրքրվեց հայրս, իսկ որ չկարողանալով Թորոսի խոսքերից բան հասկանալ։
— Աշխարհում անկարելի բան չկա,— հակառակեց մանրավաճառը։ Ես ինքս տասը տարի մի մանրավաճառի մոտ գործակատար եմ եղել դատարկ ձեռքով. ինչպես տեսնում եք, ինքս այսօր մանրավաճառ եմ և, փառք աստուծո, մոտ տասը հազարի կարողություն ունիմ։ Բայց ես դեռ ոչի՛նչ,