Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/241

Այս էջը հաստատված է

մի գիրք եմ վերցնում կարդալու — խլում ես ձեռքիցս, թե «աչքերիդ վնաս է», ընկերներիս նամակ եմ ուզում գրել — չես թողնում, թե «կուրծքդ կցավի»։ Ահա, այդ քո հիվանդոտ սերն է, որ, վերջապես, ինձ տխրեցնում է։ Դու ինձ ստրուկի պես ճնշում ես քո սիրով, դու քո կյանքը կապել ես իմ կյանքի հետ, դու ուզում ես, որ քսանուչրս տարեկան երիտասարդը ծծկեր երեխայի պես ապրի։ Դա մայրական սեր չէ, դա բռնություն է։

Այս խոսքերը Սմբատն արտասանում էր ակնհայտնի դառնությամբ և հետզհետե ավելի ու ավելի հուզվող ձայնով: Պարզ էր, որ վաղուց նրա մեջ եռում էր այդ դառնությունը և վաղուց նրա սրտում պատրաստվել էր մի թույն, որ ձգտում էր դուրս հոսելու։

Մայրը զարմացած, երկյուղած և լուռ մտիկ էր անում նրա երեսին, աշխատելով մի բառ անգամ բաց չթողնել նրա ասածից։

— Կարո՞ղ եմ մայրական սեր անվանել այն, որ ամեն րոպե ճնշում է իմ ազատությունն ու խոչընդոտ դառնում ինձ,— շարունակեց Սմբատը, ավելի գրգռվելով մոր լռությունից։ Դու ինձ չթողիր Ռուսաստան գնալու, որ ուսումս շարունակեմ, կարծում էիր, որ այնտեղ հասա թե չէ — իսկույն պիտի մեռնեմ։ (Մայրը մի ցնցում գործեց): Դու ինձ հեռացրիր իմ ընկերների շրջանից և աքսորականի պես դատապարտել ես հավիտյան մի քաղաքում ապրել քո աչքի առջև։ Կրկնում եմ, այդ մայրական սեր չէ. թո՛ղ ինձ մի փոքր ազատ շունչ քաշեմ, բավական է, որքան խանձարուրի մեջ պահեցիր ինձ։

Նա լռեց և, տեղից բարձրանալով, սկսեց հուզված անցուդարձ անել, ձեռները վարտիքի գրպանները դրած։

— Որդի՛,— խոսեց մայրը, վերջապես ուշքը վրեն հավաքելով,— երբ եմ ես քեզ արգելք եղել։ Ինչ ուզում ես — արա, ինչպես կամենում ես — ապրիր, ահա քեզ տուն, տեղ, հարստություն. քո՞նը չէ։ Էլ ի՞նչ ես ուզում.— հոգի՞ս... Կտամ, չեմ խնայիլ։ Աստծուն է հայտնի։

Սմբատը դառնությամբ ժպտաց։

— Հոգի՛դ,— կրկնեց նա, կանգնելով մոր առջև։ — հենց