Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/242

Այս էջը հաստատված է

այդ է, որ ես չեմ ուզում, ինչի՞ս է պետք քո հոգին։ Ավելի լավ կլիներ ինձ համար, որ դու խնայեիր ինքդ քեզ և իմ մասին քիչ մտածեիր։ Հավատացի՛ր, մայր, որ ես ավելի բախտավոր կլինեի, եթե դու ինձ պակաս սիրեիր կամ չսիրեիր միանգամայն: Այո, մի՜ սիրիր ինձ։

— Քեզ չսիրե՞մ, ե՞ս, քե՞զ չսիրեմ,— կրկնեց այրին զայրացած այս անհնարին և անբնական առաջարկությունից։

— Գոնե, փոխի՛ր սիրելուդ ձևը։

Հռիփսիմեն այլևս չկարողացավ զսպել իր արտասուքը, որ քանի րոպե արդեն խեղդում էր նրա կոկորդը։ Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։

Սմբատը ճնշված սրտով մտավ յուր սենյակը և սկսեց հագնվել։ Նա զգաց, որ իր հանդիմանությունն ավելի խիստ ձևով արտահայտեց, քան թե հարկավոր էր և խղճաց մորը, տեսնելով նրա բուռն հեկեկանքը։ Միևնույն ժամանակ նա արդարացի էր համարում իրեն. ծանր էր թվում նրան սիրո այն կապանքը, որով մայրը կաշկանդել էր նրա անհատականությունը։ Այդ սերը նա համարում էր մի տեսակ եսասիրություն մոր կողմից, թեկուզ այն արտահայտվեր անձնազոհությամբ։

Հանկարծ նա լսեց մի ձայն, հետ նայեց և տեսավ մորը, որ գաղտնի դիտում էր որդու շարժվածքը դռների արանքից։ Խե՛ղճ կին, նրա սերը և կասկածանքն այն աստիճանին էին հասել, որ վախենում էր, միգուցե որդին հուզված դրության մեջ մի բան անե... Այդ պարզ էր Սմբատի համար։ Նա արագ-արագ հագավ շորերը և շտապով դուրս գնաց, առանց սովորական բարևն ասելու։ Սակայն, գավթից դուրս գալիս, նա չհամբերեց, հետ նայեց։ Մայրը, պատուհանի առջև կանգնած, նայում էր նրա հետևից, ձեռները ծոցին դրած և գլուխն ուսերին թեքած։ Նրա հայացքն այնքան տխուր էր, երկյուղած և ազդու, որ դրոշմվեց Սմբատի սրտին, թեև չստիպեց նրան հետ դառնալ և ներումն խնդրել. մի բան, որ հոգով ցանկանում էր:

Երբ նա հեռացավ, Հռիփսիմեն անմիջապես կանչեց ծառային։

— Գասպա՛ր,— ասաց նա շնչասպառ, որպես թե մի մեծ անբախտություն պատահած լիներ,— այս րոպեիս պարոնդ