Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/247

Այս էջը հաստատված է

մտադիր էի Ռուսաստան գնալու, գիտես, որ ես ուզում եմ համալսարան մտնել։

Մայրը գլխով մի շարժումն արավ, լուռ հառաչելով, առանց տեղից շարժվելու։

— Ուրեմն չզարմանաս — ես երկու շաբաթից հետո ուղեվորվում եմ․․․ Պետերբուրգ։

Հռիփսիմեն մի ճիչ արձակեց և ուժասպառ, թուլացած, նստեց պատի մոտ գտնվող թախտի վրա։ Այո, նա վաղուց գիտեր որդու մտադրությունը։ Դեռ երկու տարի առաջ, երբ ավարտեց գիմնազիոնը, նա անմիջապես պատրաստվեց ուղեվորվելու։ Բայց Հռիփսիմեն ընկավ նրա ոտներին, աղերսեց, որ թողնի յուր մտադրությունն և ապրի մոր հետ։ Ի՞նչ է անում նա բարձր ուսումը, քանի որ նրա առողջությանը վնասակար է։ Եթե ուսումն առնում են նրա համար, որ աշխարհում ապրելու միջոց ունենան, Սմբատն այդ կողմից ամենից բախտավորն է։ Հայրն այնքան թողել է, որ որդուց որդի բավական է։ Ոչ միայն ուսում, այլև ոչ մի գործով չպիտի պարապվի. նա միայն պիտի ապրի ու ապրի... այս էր Հռիփսիմեի ուզածը։ Եվ հանկարծ Սմբատը վճռողաբար հայտնում է, թե երկու շաբաթից հետո գնում է։ Հռիփսիմեն կարո՞ղ է ապրել առանց տարիներով որդու երեսը տեսնելու, նա՛, որ երկու ժամ որդուն չտեսնելիս տանջվում է այնքան։

Հոիփսիմեն անցավ յուր սենյակը, դռները փակեց և երկար ժամանակ լաց եղավ, հիշելով անցյալը, յուր հանգուցյալ ամուսնուն և հանգուցյալ որդիներին։ Այն ժամանակ նա երջանիկ էր, այն ժամանակ նա կհամաձայնվեր մեկից բաժանվել, մյուսով մխիթարվել։ Իսկ այժմ... Երբեք, նա կսպանի ինքն իրեն և չի համաձայնվիլ միակ որդուց բաժանվել։ Իսկ եթե Սմբատը համառություն անե, այն ժամանա՞կ...

— Կթողնեմ տուն ու տեղ, ամուսնուս ու որդուս գերեզմանները և կգնամ նրա հետևից,— ասաց Հռիփսիմեն ինքն իրեն լսելի ձայնով,— կգնամ, թեկուզ աշխարհի մյուս ծայրը։

Սակայն մի րոպե չանցած, այս միտքը նրան սարսափեցրեց, միթե նա կարո՞ղ է իր սիրեցյալների գերեզմանները մոռանալ, թողնել և հեռանալ օտար աշխարհ։ Ո՛չ, այդ անտանելի կլինի։