Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/254

Այս էջը հաստատված է

Էր բարեկամական ցույցեր անել յուր ուղեկցին։ Կառավարը բարձրացրեց ձիերի սանձերը։ Կոնդուկտորը հնչեց յուր փողը, ձիերը շարժվեցին։ Սմբատը գդակը վերցրեց վերջին բարևները տալու մորը, որ կանգնած էր անշարժ միևնույն դիրքում, միևնույն տեղում, կառքի մոտ։

— Մնաք բարև,— ասաց պառավ հրեան, քաղցր ժպտալով կառքը շրջապատողներին, որոնց մեջ նա ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ, ոչ մի ծանոթ չուներ։

Լսվեց մի սուր, տարօրինակ գոռոց, նման հուսահատ խոյի բառանչելուն սպանդագործի դանակի տակ։ Եվ մի ինչ-որ սև բան փռվեց գետնին ուղիղ կառքի առջև։ Ձիերը խրտնեցին, աջակողմինը փոքր էր մնում, որ ոտը դնի գետնի վրա տարածվածի կրծքին։

Ամենքը շփոթված նայեցին դեպի այն կողմ։ Կառավարը ամուր սեղմած ուներ յուր ձեռներում ձիերի սանձը։ Սմբատը վախեցած նայեց դեպի ցած... և բանը պարզվեց նրա համար։ Այնտեղ, գետնի վրա, յուր ոտների տակ, փոշիի մեջ տարածված էր յուր մոր անշունչ մարմինը, մի կտոր սև լաթի պես։ Նա վայր ցատկեց կառքից, մոտեցավ և գունաթափ, դողդողալով, թեքվեց մոր վրա։ Նա բռնեց նրա թևից, բոռալով․

— Մայրի՛կ, մայրի՛կ։

Մայրիկն անշարժ էր, կենդանության և ոչ մի նշույլ չէր արտահայտում նրա նիհար, պարզ-մոխրագույն դեմքը։ Ազգականներն օգնեցին որդուն՝ բարձրացնել մոր անշնչացած մարմինն և դնել պատշգամբի վրա, ուր հավաքված էր ճամփորդներ ուղեկցողների մի մեծ խումբ։ Մեկը մի շիշ ջուր բերեց և սկսեց սրսկել Հռիփսիմեի երեսին։ Տեղի ունեցավ խիստ իրարանցում, ազգական կանայք բարձրացրին անասելի աղմուկ։ Հռիփսիմեի քույրը բարձր ձայնով լալիս էր, նա կարծում էր, որ հարվածը մահացու է։ Սակայն սառը ջրի ազդեցությունից դանդաղորեն ետ շարժվեցին ուշաթափվածի կոպերը։ Նա աչքերը բաց արեց և, մի անգամ արտասանելով որդու անունը, կրկին թուլացավ և ընկավ Սմբատի գիրկը։

— Պարոն, ներեցեք, մենք սպասել չենք կարող,— լսեց Սմբատը յուր հետևից կոնդուկտորի անվրդով ձայնը։

Արդարև, կառքը սպասել չէր կարող, ճանապարհորդներն