Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/256

Այս էջը հաստատված է

ՔԱՈՍ

(Մի պատմություն մոտիկ անցյալից)

Երեկո էր, ձմեռամուտի այն խոնավ, ցուրտ, ձյունախառն, անձրևաբեր երեկոներից մեկը, երբ ընկերական շրջանը, փափուկ կահավորված սենյակը, սեղանի վրա խշխշող ոսկեփայլ սամովարը և վառարանի մեջ պայծառ կրակը այնքան հրապուրիչ են, որքան գարնան մեղմիկ զեփյուռը, դալար խոտը, անուշահոտ ծաղիկները, թռչնիկների քաղցր համերգը և այլ սույնանման բաներ։

Բժշկապետ Միքայել Մարությանցն, իր առանձնասենյակի մի անկյունում, սամովարի մոտ կանգնած, թեյ էր պատրաստում։ Իսկ մյուս սենյակում փափուկ բաղկաթոռների մեջ խրված, ծխում, խոսում և վիճաբանում էին երիտասարդ բժշկապետի վաղեմի ընկերակիցները, թվով երեք հոգի։

Երիտասարդների խոսակցության առարկան շուտ-շուտ փոխվում էր։ Սկսելով Թիֆլիսի կինտոներից, մտերիմ բարեկամներն անմիջապես անցան Ֆրանսիա, քննեցին հանրապետականների և միապետականների կռիվները, ծաղրեցին Բուլանժեին, անվանեցին նրան ժամանակակից Դոն-Քիշոտ և վերջ ի վերջո երկու ձեռքով բռնեցին փառասեր գեներալի ականջներից և յուր հայրենիքից դուրս շպրտեցին (Ֆրանսիայի ազատամիտ քաղաքակրթության անունով)։ Այդ տեղից մեր բարեկամներն իսկույն վերադարձան հետ, մտան Թիֆլիսի ժողովարանները, քննեցին տեղային հասարակությունը, տգեղ