ու գեղեցիկ կանանց, խելոք և հիմար մարդկանց, օպերա, դրամա, պարահանդես, նվագահանդես։ Հետո հանկարծ, մտքի հրեղեն կառքով թռան Ամերիկա՝ բռնեց՛ին հնարագետ էդիսոնին, չգիտեմ, քաղաքագետ Հարրիսոնին, Քլիվլենտին, ճանապարհին մի քանի րոպե իջևանեցին Անգլիայում, զարմանալի մարգարեությամբ իմացան Սալիսբյուրիի, Գլադստոնի քաղաքական գաղտնի միտումները և նույն հրեղեն կառքով հետ դարձան, մտան բժշկապետ Մարությանցի առանձնասենյակը և սկսեցին թեյ անուշ անել։
Այստեղ մեր բարեկամների գերբնական՝ ճանապարհորդությանը վերջացավ և նրանց մեջ բացվեց հայ երիտասարդության մասին մի տաք խոսակցություն։
Իրավաբան Գասպար Գասպարյանը մի լատինական առակով հայտնեց այն կարծիքը, թե հայ երիտասարդությունը իդեալ չունի։ Եվ ասաց այն ձևով, որ, կարծես, ինքը չէր պատկանում հայ երիտասարդության։ Ուսուցիչ Բագրատ Բախտամյանն, աստծուն է հայտնի ինչ հոգեբանական պատճառով, իրավաբանի ծայրահեղ նկատողությունն ընդունեց յուր վրա։ Եվ այնպես որ, կարծես, ամբողջ հայ երիտասարդությունը միայն նրա նիհար մարմնի և կարճ հասակի մեջ էր ամփոփված։ նա, տաքացած, սկսեց հակառակել իրավաբանին, որը յուր կարծիքը պնդելու համար մի այլ ավելի խրթին լատինական առակ ևս ասաց։ Երրորդ երիտասարդը, Սրափիոն Բարսամչանը, որի ինչ պաշտոնի տեր լինելու մասին պատմությունը լռում է, չէր միջամտում այս վիճաբանության։ Իսկ տանտերը, բժշկապետ Միքայել Մարությանցը, ոչ իրավաբանին էր պաշտպանում, ո՛չ ուսուցչին, այլ աշխատում էր երկուս՛ի միտքը մի կերպ հաշտեցնել։
— Դու ինչու՞ ես լռում, Սրափիոն,— դարձավ իրավաբանը Բարսամյանին։— Միթե ճիշտ չէ, որ հայ երիտասարդությունը... է։
Այստեղ կրթված երիտասարդը մի անվայելուչ ածական գործ դրեց, որ իրեն էլ ամաչացրեց։ Բարսամյանը ոչինչ չպատասխանեց. ոտը ոտի վրա դրած նա հանգիստ ծխում էր, հեգնական մի ժպիտ երեսին, նայելով դեպի այն կողմը, ուր բժիշկը թեյ էր պատրաստում։