Վերջապես, երբ իրավարանի և ուսուցչի վիճաբանությունն ավելի տաքացավ, նա ծխախոտը հանգցրեց ոտը ոտի վրայից վերցրեց և արմունկները դնելով ծնկների վրա, հանդարտ եղանակով ասաց․
— Պարոններ, ձեր վիճաբանությանը, ինչպեո տեսնում եմ, շատ հետաքրքրական է դառնում։ Ես կցանկանայի ձեզ մի եղելություն պատմել, որ շատ մեծ կապ ունե վիճելի առարկայի հետ։ Վաղուց այս եղելությունն ինձ տանջում է, այո՛, տանջում է, որովհետև նրա մեջ կա թաքնված մի գաղտնիք, որ մինչև այսօր ես չեմ կարողանում բացատրել ինքս ինձ համար։ Թույլ կտա՞ք արդյոք պատմել ձեզ, գուցե դուք կարողանաք հասկանալ այո գաղտնիքը։
Տաք սենյակ, ազատ մարդիկ, հյուրասեր տանտեր, ինչու՞ չպիտի թույլ տային։
— Մանավանդ, որ դու գիտես պատմությունդ հետաքրքրական դարձնել,— ասաց բժշկապետը։
— Այդ չգիտեմ, բայց ինքը եղելությունը հեաաքրքրական է, պատասխանեց Վարսամյանը։ Ուրեմն համբերություն կունենա՞ք լսելու։
Ամենը խոսք տվին մինչև վերջը լսել և Բարսամյանը այսպես սկսեց յուր պատմությունը։
⁂
Ես գիմնազիստ էի։ Նոր յոթերորդից անցել էի ութերորդը։ Ձեզ համար, պարոններ, հասկանալի է, թե ինչ ասել է վերջին դասատան գիմնազիստ։ Ապագայի վառ հույսերն ինձ ոգևորում էին, ես ուրախ էի, որ շուտով, վերջապես պիտի ազատվեմ ընտանեկան կապանքներից, պիտի լինիմ մայրաքաղաքի ազատ ուսանող։
Ուսանո՜ղ, ստուդե՜նտ, ու՞մ սիրտը մի անբացատրելի բուռն զորությամբ չէ լցրել այս անունը, ո՞վ չէ կարծել, որ ամեն ինչ այդ կախարդական բառի մեջ է ամփոփված, և անհոգ զվարճություն, և գիտություն, և փառք, և սեր, և ընկերական կապ... Ամեն ինչ։